Ստյոպա Սաֆարյան. «Բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարի մասին:

«Միայն այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հիշատակեց կոալիցիոն հուշագրի դրույթներին իրենց նվիրվածությունը, արդեն իսկ բավարար էր պատկերացում կազմելու համար` կոալիցիան փլուզվո՞ւմ է, թե՞ չի փլուզվում, կա՞ արդյոք նախագահական ընտրությունների հարց Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ», - ասաց Սաֆարյանը` հավելելով. - «Ես կարծում եմ, բոլոր հարցերը` անկախ նրանից` դրանք եղել են հիմնավո՞ր, թե՞ ոչ հիմնավոր, անգամ դրանք շրջանցելու կամ լռություն ցուցաբերելու տեսքով, ստացան իրենց պատասխանները»:

«Եթե նախագահական ընտրությունները, գոնե` հերթական, նախատեսված են 2013 թվականին, այսօր քաղաքական ուժերը ազատ են այդ հարցին չպատասխանել, եւ, կարծում եմ, «Բարգավաճ Հայաստան»-ը վարվեց նույն կերպ», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե իր կարծիքով` ճնշումներ կա՞ն «Բարգավաճ Հայաստան»-ի վրա, որպեսզի վերջինս հրապարակավ, ինչպես «Օրինաց երկիր»-ը, հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանին, Ստյոպա Սաֆարյանը արձագանքեց. - «Խնդիրը այն է, որ ե'ւ 2013 թվականի նախագահական ընտրությունները, ե'ւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները այս կամ այն կերպ փոխկապակցված են, եւ հաջորդ խորհրդարանում լինելու եւ այլ հարցեր սերտորեն շաղկապված են որոշ քաղաքական ուժերի համար, եւ, առաջին հերթին, բնականաբար, կոալիցիոն քաղաքական ուժերի համար: Եթե նախագահական ընտրությունների մասին այսօր խոսել է «Օրինաց երկիր»-ը, ով ցանկանում է լրացուցիչ երաշխիքներ ունենալ ապագա կոալիցիայում լինելու եւ ապագա խորհրդարանում լինելու վերաբերյալ, ապա նա հայտարարում է դրա մասին: Միգուցե «Բարգավաճ Հայաստան»-ը ինքը վստա՞հ է, որ ինքը կլինի ապագա խորհրդարանում, եւ, հետեւաբար, այդ հարցին այսօր պատասխանելու խնդիրը չունի՞»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի վրա ճնշումների առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ասաց. - «Այն, ինչ հայտնվում է մամուլում, չեմ կարծում, որ միայն լրագրողական ինքնագործունեության հետեւանք է: Միգուցե քաղաքական դաշտի որոշ անկյուններից ուղղակի լրագրողների միջոցով հարցե՞ր են առաջադրվում «Բարգավաճ Հայաստան»-ի համար, որոնք անտեսվեցին` գոնե այս համագումարում, կամ շրջանցվեցին»: