Էդվարդ Նալբանդյանը քննադատում է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում

Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն Երեւանում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը քննադատության ենթարկեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը:

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը ասաց, թե պաշտոնական Բաքուն այժմ փորձում է արտաքին ասպարեզ տեղափոխել իր ներքին քարոզչությունը:

Ըստ Նալբանդյանի` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծումը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը ավելի շահագրգիռ է Ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, այլ ոչ թե շարունակել բանակցությունները այն ձեւաչափով, որը գոյություն ունի արդեն երկար տարիներ, եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ հասնել հակամարտության լուծմանը:

«Բաքուն փորձում է աղմուկ բարձրացնել, ոչ թե զբաղվել կոնկրետ հարցի կարգավորմամբ», - ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ի այդ ենթահանձնաժողովի նախկին գործունեությունը բանակցային գործընթացում առաջընթաց խթանելու առումով «առանձնակի արդյունավետությամբ աչքի չի ընկել»:

«Հենց այդ պատճառով էլ մեր դիրքորոշումը բացասական էր, ինչպես եւ հնչեցրին մեր խորհրդարանական պատվիրակության անդամները ու նաեւ արտգործնախարարությունը», - ասաց նա:

Անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի Ղարաբաղյան գործընթացում վատթարացմում արձանագրող զեկույցին` արտգործնախարարը նշեց, թե այն փորձագիտական կարծիք է, իսկ տարբեր փորձագետներ միեւնույն խնդրի շուրջ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, որոնք հեռու են իրականությունից:

Այս զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը վերլուծում է «փաստացի փակուղային վիճակում հայտնված բանակցությունները», կողմերի միջեւ առկա ռազմական հավասարակշռությունը, թե ինչպիսի զենք-զինտեխնիկա է ձեռք բերվում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Զեկույցում վերլուծվում է նաեւ, թե նոր պատերազմի դեպքում ինչ ձեւ կընդունեն ռազմական գործողությունները:

Նալբանդյանի խոսքով` նախքան խորհուրդները տալը, կանխատեսումներ ու տեսակետներ հնչեցնելը անհրաժեշտ է հաշվի առնել ստեղծված իրավիճակը եւ չփորձել կրակին յուղ լցնել:

«Ղարաբաղի հարցով փորձագետ կարելի է համարել առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահներին, ովքեր տեղյակ են բանակցային գործընթացի էվոլյուցիայից եւ ներկա վիճակից, այդ պատճառով էլ նույնիսկ փորձագիտական գնահատականներ ներկայացնելիս պետք է լսել համանախագահների կարծիքը», - հայտարարեց արտգործնախարարը:

Անդրադառնալով Ուկրաինայի արտգործնախարարի երեւանյան այցին, նշենք, որ երկար տարիներ Ուկրաինայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ էր. Կիեւը հետեւողականորեն հայտարարում է ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կառույցում իր դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը սատարելու մասին: Սակայն վերջին շրջանում, հատկապես նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնավարությունից ի վեր, Ուկրաինայի դիրքորոշումը որոշակիորեն փոխվեց, եւ պաշտոնական Կիեւը այժմ խոսում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության լուծմանը կողմ լինելու մասին:

«Ուկրաինան շահագրգռված է Կովկասում խաղաղության հաստատման հարցում, ինչը թույլ կտա լուծել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ կարգի խնդիրները», - անցած տարվա ամռանը Բաքվում հայտարարել էր արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

Երեւանում այսօր նա շեշտեց, թե սառեցված հակամարտությունների խնդիրը կլինի իր երկրի արտաքին գերատեսչության ուշադրության կենտրոնում 2013 թվականին, երբ Ուկրաինան կստանձնի Եվրոպայի անվտանգության եւ համագործակության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը:

«Առաջին հերթին, իհարկե, ուշադրություն ենք դարձնելու Մերձդնեստրին: Բնականաբար, կաջակցենք Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մեխանիզմը մշակված է, համանախագահները բավական հեղինակավոր են, եւ մեր խնդիրն է լինելու հնարավորինս աջակցել նրանց», - ասաց Գրիշչենկոն: