Հանրապետականը պարզաբանում է «Բարգավաճ Հայաստանի» հետ լարվածության պատճառը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ «լարվածություն եւ տարաձայնություններ» կան:

Նրա պարզաբանմամբ, դրա պատճառն այն է, որ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առայժմ չի հստակեցրել, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելո՞ւ է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածուն կառաջադրի: Ավելին, անցած տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում փորձելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը` 50+1 տոկոսը:

«Իրենք [ԲՀԿ-ն] իրավունք ունեն: Պարզապես եթե ճշգրտված լիներ` այլ հարաբերություններ կլիներ», - ասաց Զոհրաբյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահը տեղեկացրեց, որ իրենք փորձել են ճշտել, թե ու՞մ թեկնածությունն է ԲՀԿ-ն սատարելու 2013-ի նախագահական ընտրություններում, բայց հստակ պատասխան չեն ստացել:

«Իրենք ասել են, որ 2012 թվականից հետո իրենք կասեն այդ մասին», - նշեց Զոհրաբյանը` հավելելով, թե Հանրապետականը, անշուշտ, կուզենար, որ ԲՀԿ-ն սատարեր իրենց թեկնածուին` նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես այդ մասին արդեն իսկ հայտարարել է իշխող կոալիցիայի մաս կազմող երրորդ կուսակցությունը` «Օրինաց երկիրը»:

«Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետականի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ անցած շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ցանկության դեպքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել Հանրապետական կուսակցությունը, եթե ցանկություն ունենար, ինչին հետեւեցին Հանրապետական կուսակցության կոշտ հայտարարությունները:

Երեկ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` վստահեցնելով, որ չի ցանկացել վիրավորել ո՛չ Հանրապետական կուսակցությանը, ո՛չ էլ ՀՀԿ-ի նախագահին:

Արձագանքելով այս պարզաբանմանը` Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո խնդիրը կարելի է փակված համարել եւ «քաղաքական քարկոծություն» այլեւս տեղի չի ունենա:

«Բայց ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ մինչեւ 2012 թվականի մայիսը այլեւս չի լինի», - նաեւ ասաց Ռազմիկ Զոհրաբյանը: