Քաղաքապետարանը ընդդիմությանը առաջարկեց հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ

Երեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը արգելել է փետրվարի 11-ին եւ 18-ին հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում եւ առաջարկել է միջոցառումն անցկացնել Մատենադարանին հարակից տարածքում:

Քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշումների հիմնավորումը հետեւյալն է` նշված եւ դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները ի գիտություն են ընդունվել ավելի վաղ, քան «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի կողմից ներկայացվել է հանրահավաք եւ երթ անցկացնելու իրազեկումը:

Փետրվարի 11-ին եւ 18-ին Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու` ընդդիմության իրազեկումը քաղաքապետարանը ընդունել է ի գիտություն:


Աստղիկ Բեդեւյան