Եգիպտոսից Հայաստանի քաղաքացիների տարհանման խնդիր առայժմ դրված չէ

Եգիպտոս – Զինծառայողները դիրքավորվում են Գիզայի բուրգերի ֆոնին` Կահիրեում, 31-ը հունվարի, 2011թ.

Կահիրեում Հայաստանի դեսպանությունում արդեն 3 օր գործող «թեժ գծին» զանգահարել է շուրջ 60 Հայաստանի քաղաքացի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Եգիպտոսում Հայաստանի դեսպանության խորհրդական Հրաչյա Փոլադյանը:

«Քաղաքացիները, որոնք ուղղակի զանգում եւ մեզ մոտ գրանցվում են, 60 հոգի են: Երկքաղաքացիների հետ միասին` մոտ 100 են: Երկքաղաքացիները` նրանք են, ովքեր եգիպտահայ են, եւ նաեւ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել», - պարզաբանեց դեսպանության խորհրդականը:

Փոլադյանի խոսքով` թեեւ իրավիճակը Եգիպտոսում համեմատաբար կայունացել է, սակայն անհանգստության եւ լարվածության մթնոլորտը պահպանվում է: Այդուհանդերձ, նրա խոսքով` «այս պահին Հայաստանի քաղաքացիների տարհանման խնդիր չկա»:

Դեսպանության խորհրդականը հաստատեց «Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունը, որ հայ-եգիպտական պետական կրթական ծրագրով Եգիպտոսում ուսումը շարունակող Երեւանի պետական համալսարանի 5 ուսանողներ օրերս իրենց վարձու բնակարաններից տեղափոխվել են Կահիրեում Հայաստանի դեսպանատուն` անվտանգության նկատառումներով:

«Ավելի հանգիստ լինելու համար ուղղակի իրենց տեղափոխել ենք դեսպանություն: Ուտելիքը` կա, խմելիքը` կա, հանգիստ եւ անվտանգ վիճակում են», - պարզաբանեց Փոլադյանը:

Այս պահին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայրում է գտնվում հունվարի 25-ի չարտերային չվերթով Եգիպտոս մեկնած 164 հայ զբոսաշրջիկ, որոնցից ոչ մեկը ժամանակից շուտ վերադառնալու ցանկություն կամ պահանջ չի հայտնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Թեզ տուր» ճանապարհորդական գործակալության տնօրեն Նարինե Դավթյանը:

«Եգիպտոսի իշխանությունները զորք են մտցրել Շարմ Էլ Շեյխ` զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու նպատակով»,- ասում է Նարինե Դավթյանը` հավաստիացնելով, որ եթե զբոսաշրջիկները հյուրանոցի տարածքից դուրս չգան, նրանց վտանգ չի սպառնում:

Զբոսաշրջիկները, փաստորեն, ուղղակի զրկված են Կահիրե եւ Ալեքսանդրիա էքսկուրսիաների գնալուց:

Հայաստանից Եգիպտոս հաջորդը չարտերային թռիչքը նախատեսված է փետրվարի 5-ին: Նարինե Դավթյանը չի բացառում, որ գնված տուրիստական փաթեթները վերադարձնել ցանկացողներ կարող է լինեն:

Հայաստանի արտգործնախարարության տվյալներով` այս պահին Եգիպտոսում է գտնվում Հայաստանի մոտ 200 քաղաքացի, նրանցից 30-ը` Կահիրեում, վիրավորների եւ զոհերի թվում հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան:

Հայաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թունիս եւ Եգիպտոս այցելություններից:

«Հաշվի առնելով Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները` Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից»,- ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության այսօր տարածած հաղորդագրության մեջ: