«Բարգավաճ Հայաստան»-ին կուսակցությունների միանալը Հանրապետականին չի անհանգստացնում

Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ առանձին կուսակցությունների համախմբման գործընթացում որեւէ սենսացիոն կամ աննախադեպ բան չի տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե ողջ աշխարհում են կուսակցությունները գնում խոշորացման ճանապարհով, եւ Հանրապետականը անհանգստանալու առիթ չունի:

«Հանրապետական կուսակցությունը որեւէ անհանգստանալու բան չունի, դա բացառապես «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերների խնդիրն է, եւ դա իրենց իրավունքն է: Հանրապետականը միշտ պայքարել է հանուն իր քաղաքական նպատակների եւ ծրագրերի իրականացման, եւ մենք միշտ պատրաստ ենք քաղաքական, քաղաքակիրթ մրցակցության բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասաց Շարմազանովը:

Նա Հանրապետական կուսակցությունը համարում է Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը եւ կանխատեսում, որ այն շարունակելու է մնալ ամենաազդեցիկը նաեւ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո. - «Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունի այնքան ներուժ, որ ունի բոլոր շանսերը` լինելու ամենաազդեցիկ քաղաքական ուժը նաեւ 2012 թվականի պառլամենտական ընտրություններից հետո»:

«Այսինքն, դուք կարծում եք, որ Հանրապետականը այս պահին ժողովրդի ամենամեծ վստահությո՞ւնն է վայելում», - այս հարցին իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը արձագանքեց. - «Փաստն եմ արձանագրում` սա փաստ է»: Իսկ ի պատասխան հարցի` «եւ դա մաքո՞ւր ընտրությունների արդյունքում է», Շարմազանովը հայտարարեց. - «Համենայն դեպս, գոնե վերջին մի քանի ընտրությունները արժանացել են դրական գնահատականի մեր, եվրոպացի դիտորդների կողմից»:

Այն առնչությամբ, թե արդյո՞ք Հանրապետականի շուրջ էլ շուտով համախմբման գործընթացներ կսկսվեն, Էդուարդ Շարմազանովը ասաց, թե կուսակցությունն այդ հարցը չի քննարկել: «Հանրապետականի օրակարգում այս պահին նման հարց չկա, եւ ընդհանրապես` ընտրությունների հետ կապված որեւէ հարց Հանրապետական կուսակցության ո'չ խորհրդի, ո'չ գործադիր մարմնի օրակարգում չկա: Հանրապետականը սովոր է ամեն ինչը ժամանակին քննարկել եւ իրականացնել` ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք զբաղված են պոպուլյար քայլերով», - հայտարարեց նա, ապա մանրամասնեց. - «Հայաստանում 70-ից ավելի քաղաքական ուժեր կան, որոնցից շատերը պոպուլյար քայլեր են իրականացնում կամ պոպուլիստական»: