Հունվարի 27-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ վերամբարձ քաղաքագիտական ոճով անվանվում է «կուսակցությունների խոշորացում», իրականում ոչ մի խոշորացում էլ չէ: Այդ պրոցեսը կարելի է անվանել «չեղած կուսակցությունների տարրալուծում» այն կուսակցությունների մեջ, որոնք Ազգային ժողովում ներկայանալու բարձր շանսեր ունեն: Իսկ այսօրվա դրությամբ վստահաբար անցողիկ են ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Հայ ազգային կոնգրեսը: Ո՞րն է այդ գործարքի մեխանիզմը: Ենթադրենք, X-ը ունի «Զապորոժեց»-ի մեջ տեղավորվող մարդկանց մի խումբ, որը նա անվանում է կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն: Երբ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, նա հայտարարում է, որ մանկուց համակրել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը եւ հիմա անդիմադրելի ցանկություն ունի կամ մաս կազմելու այդ կուսակցությանը, կամ էլ` դաշինք նրա հետ: Եվ քանի որ ես, հայտարարում է X-ը, կուսակցության առաջնորդ եմ, պետք է լինեմ տվյալ կուսակցության անցողիկ տեղում: Այդ պրակտիկան լայնորեն կիրառվել է բոլոր նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ` սկսած 95 թվականին «Հանրապետություն» միավորումից»:

«Կապիտալ»-ի հետ զրույցում պատգամավոր Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) ասում է. - « Մինչեւ Human Rights Watch-ի զեկույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության համագումարին խոսեց երկրում առկա խնդիրների մասին։ Նախագահն իր ելույթում կատարեց շեշտադրումներ, որոնք ինձ համար ավելի կարեւոր են, քան միջազգային այս կամ այն կազմակերպության զեկույցը։ Մեր խնդիրը մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավելն է, նրանց սոցիալական վիճակի բարելավումն է։ Մենք Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեսնում ենք, որ Մարտի 1-ի պատճառներից մեկն առկա սոցիալական խնդիրներն են։ Այսինքն՝ մենք մեզ պետք է հասկանանք եւ գնահատենք, ընդ որում՝ դա պետք է անենք մեզ համար, ոչ թե ուրիշի։ Տեսեք, այս զեկույցից առաջ Freedom House-ի զեկույցն էր, որը ԼՂ-ն անվանել էր անազատ երկիր միայն այն պատճառով, որ այնտեղ չկա պատշաճ ընդդիմություն։ Ներողություն, ո՞րն է պատշաճ ընդդիմությունը. երեւի պատշաճ են համարվում այն ընդդիմությունները, որոնք դրսի գրանտների տակ պարում ու երգում են՝ ասելով, որ ամեն բան վատ է»։

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Կառավարության վարած քաղաքականությունը, գնաճը, Երեւանի նոր քաղաքապետի գործողություններից առաջացած հասարակական դժգոհությունը չի՞ կրճատի ձեր ընտրողների թիվը»: Պատգամավորը պատասխանում է. -«Հանրապետականը ազգային պահպանողական կուսակցություն է եւ, ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների, իր հստակ տեղն ու դերն ունի մեր երկրի քաղաքական համակարգում` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից: Բնականաբար առկա սոցիալական խնդիրները չեն կարող մեզ չանհանգստացնել: Անկախ նախընտրական իրողություններից, որպես իշխանության համար պատասխանատու քաղաքական ուժ, մենք ամեն ինչ անում ենք սոցիալական բարեփոխումները հնարավորինս արագ ու տեսանելի արդյունքներով իրականացնելու համար»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Միանգամից արձանագրենք` իշխանությունները ապուշ չեն եւ հասկանում են, որ փողոցային առեւտուրը արգելելը կամ Թուրքիայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելը բողոքի հզոր ալիք է բարձրացնելու: Եվ եթե հասկանալով հանդերձ գնացել են այդ քայլին, ապա նշանակում է` այլ ելք չեն գտել: Իս ինչո՞ւ չէին կարող դրա փոխարեն օլիգարխների բիզնեսները դուրս բերել ստվերից: Որովհետեւ դրանից մեծ հաշվով ոչինչ չէր փոխվի: Ենթադրենք, սուպերմարկետների ցանցեր ունեցող մի քանի օլիգարխների ստիպեցին կրկնակի շատ հարկեր վճարել, օլիգարխները հո չէի՞ն հրաժարվելու գերշահույթներից: Պարզապես թանկացնելու էին ամեն ինչ եւ վերջ: Ավելին` մանր-մունր խանութները նույնպես ստիպված էին լինելու թանկացնել, որովհետեւ ապրանքը ձեռք էին բերում այդ նույն օլիգարխներից: Արդյունքում ոչինչ չէր փոխվելու: Պարզապես սկսվելու էր հիպերինֆլյացիա, եւ մարդկանց կենսամակարդակը նվազելու էր»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «168 ժամ»-ի թղթակցին ասում է. - «Միանշանակ ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից առավել, այս պահին ՌԴ-ն է մեր տարածաշրջանում առավել ազդեցիկ եւ ներգործուն երկիրը: Հետեւաբար նրան է վստահվել այդ պատասխանատվությունը` առաջ մղել այդ գործընթացը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով համաձայնության գալ: Ես կարծում եմ, որ դա համաձայնեցված դիրքորոշում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի միջեւ: Եվ կարծում եմ, որ ՌԴ-ն այդ դերակատարությունը տարվա ընթացքում առաջ է տանելու»: Հարց. - «Գուցե ՌԴ-ի դերակատարությունն ավելի մեծացավ, որովհետեւ այդ հնարավորությունը ՀՀ իշխանություննե՞րը նրան տվեցին, որովհետեւ ՌԴ-ի ճնշո՞ւմը մեր երկրի վրա ուժեղացավ»: Սաֆարյանը պատասխանում է. - «Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը եւս վստահեց ՌԴ-ին: Որովհետեւ դա եւ ՀՀ-ի, եւ Ադրբեջանի կողմից իրերի իրական վիճակի ռեալիստական գնահատումն է: Ես կասեմ, որ ՌԴ-ն այս պահին մեր տարածաշրջանում ունի ամենամեծ ազդեցությունը եւ ամենամեծ հնարավորությունները գործընթացն առաջ մղելու»:

Your browser doesn’t support HTML5

Հունվարի 27-ի մամուլ