Տրանսպորտի եւ կապի նախարարը գոհ չէ փոստային ոլորտի աշխատանքներից

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյան

Տրանսպորտի եւ կապի նախարարության այս տարի սահմանած գերակա ուղղություններից մեկը 31.2 կմ երկարությամբ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումն է:
Նախարար Մանուկ Վարդանյանը հուսով է, որ այս տարվա աշնանը կսկսվի դրա շինարարությունը: Երկաթգիծի շինարարության ֆինանսավորման 50 տոկոսը կտրամադրի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, մյուս 50 տոկոսն էլ կտրամադրի Կառավարությունը` վարկային միջոցների ներգրավվման շնորհիվ:

Մյուս ուղղությունը Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպումն է:

«Հիմա արդեն ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրն է, որից հետո ձեռնամուխ կլինենք տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման խնդիրներին: Ասեմ, որ կազմման պրոցեսը բավական թանկ հաճույք է», - ասաց նախարարը:

Նախարարության համար գերակա է նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի երեք տրանշների շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու կազմակերպումը, որի արդյունքում հիմնանորոգվելու են շուրջ 41 կմ ճանապարհատվածներ: Նախարարը կարծում է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ Հայաստանում էապես կփոխվի ճանապարհաշինարարության մշակույթը:

«Եվ կփոխվի նաեւ մեր ճաշակը, որովհետեւ լավ, որակով ճանապարհը նաեւ լավ արժեք ունի: Մեր այսօր ներդրած գումարները, չեմ կարծում, որ ժամանակակից ճանապարհներին ներկայացվող պահանջներին բավարարող ֆինանսական միջոցներ են», - ընդգծեց Մանուկ Վարդանյանը:

Հարցին, թե մտադիր է արդյո՞ք նախարարությունը երկարացնել «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը, քանի որ այն այս տարի լրանում է, Վարդանյանը պատասխանեց. - «Դա կախված է նրանից, թե մենք ինչպիսի առաջարկություն կստանանք: 4-5 ամիս է, մենք այդ հարցը բարձրացնում ենք: Կառավարչի առաջ երեք տեսակի հարցադրում կա` ինչքա՞ն ներդրում, ինչքա՞ն ժամկետով եւ ինչպիսի՞ ծառայություններ պետք է ստանանք մենք: Կարծում եմ, որ կառավարիչը 1-2 օրվա ընթացքում պետք է մեզ այդ հարցերի պատասխանը տա, որից հետո, եթե մենք ընդհանուր հայտարարի եկանք, իրենց կողմից արդեն կներկայացվի ներդրումային ծրագիր 3-6 ամսվա ընթացքում, որ իմանանք` հայտարարած ժամկետում ինչպես են տեղավորվելու»:

Նախարարը կարծում է, որ «Հայփոստ»-ի կառավարման ձեւը պետք է փոխել:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում իրավական դաշտում հավատարմագրային կառավարում: Մենք վարձել ենք կազմակերպություն, որ մեր ընկերությունը կառավարի: Մենք պետք է մի փոքր առաջ գնանք, եւ չի բացառվում, որ մենք [«Հայփոստ»-ը] տանք կոնցեսիոն կառավարման, որը, կարծում եմ ավելի արդյունավետ կլինի, քան թե հավատարմագրային կառավարիչը», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` իրենք չեն կարող գոհունակություն հայտնել փոստային ոլորտի աշխատանքից:

«Այսօր տեսնում ենք թոշակների բաժանման պարագայում ոչ միայն ցուցակների խնդիրն է, նաեւ հարմարավետությունը: Մենք չենք տեսնում այն շենքերը, այն ծառայությունը, որ մենք փորձեցինք ստանալ: Աշխատանք ահավոր շատ կա` սկսած տեխնոլոգիական խնդիրներից, վերջացրած տարրական կենցաղային, աշխատանային պայմաններից»:

Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կառավարությունը կհայտարարի մրցույթ լայնաշերտ ինտերնետ ցանցի ստեղծման համար:

Your browser doesn’t support HTML5

Տրանսպորտի եւ կապի նախարարը գոհ չէ փոստային ոլորտի աշխատանքներից