Համարբերգը «լուրջ ձախողում է» համարում «Մարտի 1»-ի սպանությունների չբացահայտումը

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մամուլի ասուլիսում: Երեւան, 21-ը հունվարի, 2011թ.

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հայաստանյան եռօրյա այցի ավարտին հրավիրած ասուլիսում իր խորը մտահոգությունը հնչեցրեց 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունները չբացահայտելու կապակցությամբ եւ փոխանցեց, որ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին:

«Այս սպանությունների չբացահայտումը լուրջ ձախողում է, քանի որ դա նշանակում է, որ այդ գործերը չեն բացահայտվել, եւ կա անպատժելիության խնդիր», - հայտարարեց նա:

Համարբերգը առանձնացրեց նաեւ հետընտրական իրադարձություններից հետո անազատության մեջ հայտնված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդիրը: Եվրախորհրդի հանձնակատարը նշեց, որ թեեւ 2009 թվականին Հայաստանի իշխանությունները համաներման ակտ կիրառեցին, մինչեւ օրս, սակայն, անազատության մեջ են մնում մարդիկ, ովքեր կապ են ունեցել մարտի 1-ի իրադարձությունների հետ:
Համարբերգ. Այս սպանությունների չբացահայտումը լուրջ ձախողում է, քանի որ դա նշանակում է, որ... կա անպատժելիության խնդիր


«Այդ գործերը ես քննարկել եմ Հայաստանի իշխանությունների հետ եւ կոչ եմ արել ազատ արձակել այդ մարդկանց», - նշեց նա:

Հայաստանյան այցի ընթացքում, հիշեցնենք, Համարբերգը հանդիպումներ է ունեցել անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, Հարություն Ուռուտյանի հետ:

Հարցին, թե համաձայն է հայաստանյան ընդդիմության կարծիքին, որ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ քրեական հետապնդման ենթարկված անձինք քաղաքական բանտարկյալներ են, Համարբերգը արձագանքեց, թե մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղաքական բանտարկյալ» եզրույթը, եւ պատճառն այն է, որ «այնքան էլ միանշանակ չէ, թե ինչին է դա վերաբերում»:

Նա, այդուհանդերձ, հավելեց, որ «առօրյա բանավեճերում այդ եզրույթի գործածությունը վկայում է լուրջ խնդրի առկայության մասին»:

«ԵԱՀԿ-ի` դատավարությունների մասին զեկույցում եւ իմ աշխատանքներում մատնանշվել է, որ այդ անձանց դատավարություններում լիարժեք արդարություն ապահովելու հարցում եղել են հիմնախնդիրներ, նաեւ օրենքի հավասարության սկզբունքը չի պահպանվել: Ես հավատում եմ, որ նշված երկու կարեւոր սկզբունքների [արդար դատաքննության իրավունքի եւ օրենքի առջեւ հավասարության] այդ խախտումները քաղաքական ասպեկտներ են ունեցել», -հավելեց Թոմաս Համարբերգը` եզրակացնելով. - «Այսպիսով, ես կարծում եմ, որ այս մարդիկ չպետք է պահվեն բանտերում, քանի որ նրանց նկատմամբ կայացված դատավճիռներում եղել են քաղաքական նկատառումներ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ելքեր է տեսնում այդ մարդկանց ազատ արձակելու համար, Համարբերգը պատասխանեց, թե իր այցի ընթացքում «բավական մանրամասնորեն քննարկել է այդ հարցը»:

«Պատասխաններ չկան, բայց ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները մտածում են դրա մասին», - նշեց նա:

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը փոխանցեց, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը «շատ լավ էր նախապատրաստվել» իր հետ հանդիպմանը [«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում]. - «Բնականաբար, ես իմ զեկույցում կանդրադառնամ նրա վիճակին»:

Սասուն Միքայելյանի հետ հանդիպման մասին Համարբերգը ասաց. - «Իմ մտահոգությունն այն է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, եւ ես կցանկանայի, որ նա ազատ արձակվեր»:

Վերջում Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը փոխանցեց, որ այցի արդյունքներով պատրաստելու է զեկույց եւ հանդես է գալու կոնկրետ առաջարկություններով:

Your browser doesn’t support HTML5

Համարբերգը «լուրջ ձախողում է» համարում «Մարտի 1»-ի սպանությունների չբացահայտումը