Որոշ ոլորտներում կարող է 6-օրյա աշխատանքային գրաֆիկ սահմանվել

Կառավարությունը հինգշաբթի օրը հավանություն տվեց որոշ դեպքերում 6-օրյա աշխատանքային գրաֆիկ սահմանելու մասին ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը` պայմանով, որ դա կտարածվի միայն կառավարության առաջարկած ոլորտների վրա:

Գործող օրենսդրությամբ Հայաստանում սահմանված է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով, եւ 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանող գործատուները, այդ թվում` առեւտրի ոլորտում, պարտավոր են աշխատողներին հավելավճարներ կատարել։

Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Սամվել Բալասանյանը հանդես են եկել Աշխատանքային օրենսգիրքը փոփոխելու օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով գործատուներին հնարավորություն տալ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել:

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց օրենքի նախագիծն ընդունելի համարել պայմանով, որ 6-օրյա աշխատանքային շաբաթի սահմանումը տարածվի այն ոլորտի կազմակերպությունների վրա, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմանների թելադրանքով` անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթվա կիրառումը: Այդպիսի ոլորտներից են, օրինակ, կապի, էներգետիկայի, առողջապահության, գազամատակարարման եւ նման բնույթի այլ կազմակերպություններ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում օրինագծի համահեղինակ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, թե կառավարության առաջարկներն իրենց համար ընդունելի են: Նա հավելեց, թե օրենսդրական այս նախաձեռնությունը ամենեւին էլ գարծատուներին հավելավճարներից ազատելու նպատակ չի հետապնդում:

«Խոսքը հավելավճարի մասին չէ: Աշխատանքային օրենսգրքով ընդունված է հետեւյալ սկզբունքը` աշխատանքային շաբաթը 40 ժամ: Ե՛վ կառավարությունը, ե՛ւ մեր առաջարկը նույն սկզբունքից չեն շեղվելու: Մենք խոսում ենք մի բանի մասին` 40 ժամը 5-օրյա աշխատանքային օրով, 2 հանգստյան օրով, թե՞ 40 ժամը 6-օրյա աշխատանքային շաբաթով, 1 հանգստյան օրով», - պարզաբանեց պատգամավորը: