Համարբերգը հանդիպել է անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հինգշաբթի օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Արադարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը: Առայժմ հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նույն քրեակատարողական հիմնարկում Համարբերգը նաեւ հանդիպել է մարտի 1-ի իրադարձություններից հետո 6 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Ուռուտյանին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ուռուտյանը, Մարդու իրավունքների հանձնակատարի հետ իր հանդիպումը տեւել է 1.5 ժամ, նա հետաքրքրվել է քրեակատարողական հիմնարկի պայմաններից, հարցրել է, թե Ուռուտյանը ինչ հոդվածներով է դատապարտվել: Ուռուտյանը Համարբերգին ասել է, թե դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար:

Ուռուտյանը մեղավոր էր ճանաչվել ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ ընտրություններում Սերժ Սարգսյանի վստահված անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ:

Նախորդ օրը` հունվարի 19-ին Համարբերգը դատապարտյալների հիվանդանոցում հանդիպել էր 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին: Այդ հանդիպումից հետո Հանձնակատարը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է` Սասուն Միքայելյանը ազատ արձակվի առողջական վիճակի պատճառով:

Անազատության մեջ գտնվող ակտիվիստներին հանդիպելուց բացի Թոմաս Համարբերգը հանդիպել է նաեւ նրանց հարազատների հետ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, Հարություն Ուռուտյանի, Արամ Բարեղամյանի, Սարգիս Հացպանյանի եւ Սասուն Միքայելյանի հարազատների հետ:

Համարբերգի հետ հանդիպմանը մասնակցած Սասուն Միքայելյանի քույրը` Սուսաննա Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Բոլորս առանձին - առանձին ելույթներ ունեցանք` որպես քաղբանտարկյալների հարազատներ: Կոնկրետ ինձ ամենից շատ հետաքրքրում է իմ եղբոր առողջական վիճակը, որը շատ վատ է: Ներկայացրի, որ վիրահատությունից հետո բժիշկը ասել է, որ նրա վիճակը շատ ծանր է, առաջին պատի սնուցող անոթը ստենտավորումից հետո 20 տոկոսով նորից նեղացել է, ինչը շատ վտանգավոր է նրա կյանքի համար, պետք է նրան առանց որեւէ մեկի միջնորդության ազատ արձակել, եւ ինքը պետք է գտնվի սրտաբանի մշտական հսկողության տակ: Խնդրեցինք, որ մեր ձայնը տեղ հասնի համապատասխան մարմիններին, որ գոնե առողջական վիճակը հաշվի առնեն, նրա կյանքի խնդիրն է այսօրվա դրությամբ: Մեր հույսը միայն իրենք են, եթե մարդկային խիղճ ունենան: Մերոնք չունեն, գոնե իրենք ունենան»:

Իր այցի վերջին օրը` ուրբաթ, հունվարի 21-ին Թոմաս Համարբերգը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո հանդես կգա ամփոփիչ մամլո ասուլիսով:

Your browser doesn’t support HTML5

Համարբերգը հանդիպել է անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին