Տիգրան Կարապետյանը «վճռական» է տրամադրված

Your browser doesn’t support HTML5

«ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չորեքշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում հայտարարեց, որ «վճռական» է տրամադրված, քանի որ ունի հավաքվածների «դաբրոն»:
Ժողովրդական կուսակցության նախագահը իր ելույթում իշխանություններին ներկայացրեց մի շարք պահանջներ. - «Վերադարձնել ավանդները, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, երկրում վերականգնել արդարությունը, կանխել արտագաղթը, իջեցնել գազի անբարոյական գինը, բոլոր վարկերը` 7 տոկոսից ոչ ավել, 7 տոկոսից ավել վաշխառուներ են, փոքր բիզնեսին` հաստատագրված 10-հազարանոց հարկ, սոցիալական զամբյուղը դարձնել բարոյական, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, բարձրացնել կենսաթոշակը կրկնակի, բարձրացնել անապահով խավերի նպաստը, երիտասարդությանը ապահովել արժանի կյանքով»:

Այնուհետեւ Կարապետյանը վերջնագիր ներկայացրեց. - «Եթե մինչեւ [փետրվարի] 28-ը չլինի մեզ հետ պայմանավորվածություն, եթե [իշխանությունները] ցույց չտան, որ քայլ են անում, փետրվարի 28-ին հավաքվելով այստեղ, մենք կասենք արտահերթ ընտրություններում` ո'չ այս իշխանությանը»:

Հանրահավաքից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք փորձել է հանդիպել այս օրերին Երեւանում գտնվող` Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, Ժողովրդական կուսակցության նախագահը արձագանքեց. - «Իրենք պետք է ձգտեն հանդիպել…Եթե իրենք ուզեն, ես պատրաստ եմ հանդիպելու»:

Կարապետյանը նաեւ կրտրականապես հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը մասնաբաժին է գնել «Երեւան» հեռուստաընկերությունում, որին, հիշեցնենք ԱԼՄ-ն պարտվել էր դեկտեմբերին անցկացված հեռուստահաճախանությունների մրցույթում:

«Աստված մի արասցե: Իշխանությունից ոչ մի բան չեմ վերցնի», - հավատացրեց նա:

Հարցին, թե ինչ իրավական հիմքերով է պահանջելու արտահերթ ընտրություններ, Կարապետյանը պատասխանեց. - «Իրավական հիմքը մեր այսօրվա կյանքն է, որը հարիր չէ հային: Ես գնալու եմ նախագահական ընտրությանը ու դառնալու եմ Հանրապետության նախագահը»:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: Նա առաջարկեց, որ հաջորդ հանրավաքը հայտարարվի «Հայաստանի քաղաքացիների հանրահավաք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվում է արդյոք անդամակցել Ժողովրդական կուսակցությանը, Խաչատրյանը պատասխանեց. - «Դեռեւս պատրաստ չեմ ինչ-որ բան ասել, որովհետեւ ինձ համար պետք է պարզ լինի հերթական քայլերի տրամաբանությունը, ոչ թե հայտարարություններ: Կուսակցական անդամակցություն ես առայժմ չեմ պատկերացնում»: