Արմեն Աշոտյանը` 2011-ի անելիքների մասին

Կրթության եւ գիտության նախարարությունն այս տարի իրականացնելու է ուսանողական վարկերի տրամադրման փորձնական ծրագիրը: Համաշխարհային բանկի տրամադրած մոտ 1,5 միլիոն դոլարով մի քանի տարի որոշ ուսանողներ հնարավորություն կունենան շուկայականից ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր ստանալ:

Այս տարի կիրականացվի մանկավարժների ատեստավորման ծրագիրը, որին կմասնակցի 40.000 ուսուցիչների 20 տոկոսը:

Այժմ աշխատանքներ են իրականացվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների բարեփոխման ուղղությամբ: Նախարարի խոսքով` հասարակությանը կներկայացվեն քննությունների պարզեցված, ոչ վիճահարույց, կանխատեսելի մեխանիզմներ:

Այս տարվա հուլիսի 1-ից Բոլոնիայի գործընթացը նախագահելու են Հայաստանն ու Լեհաստանը: ԿԳ նախարարությունն արդեն պատրաստում է համանախագահության ծրագիրը: Ըստ Աշոտյանի` սա լավ հնարավորություն է եվրոպական մի շարք երկրների հետ կրթական կապեր հաստատելու կամ դրանք ամրապնդելու համար: