Եղեգնուտցիները բողոքում են գյուղապետի անօրինականությունների դեմ

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները բողոքում են գյուղապետի անօրինականությունների դեմ, 14 հունվար, 2011

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները ուրբաթ օրը նախագահական նստավայրի դիմաց պահանջում էին իրենց գյուղապետի հրաժարականը` պնդելով, թե վերջինս իր հարազատների հետ միասին գյուղում անհավասարության, վախի եւ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել:

«Չգիտենք` մեր էրեխեքը էսօր դուրս են եկել, տուն կգան, թե` չեն գա: Սիցիլիան է դարձել մեր գյուղը», - ասաց Եղեգնուտի բնակչուհիներից մեկը` հավելելով, որ «գյուղապետը գյուղի երիտասարդներին ներքաշում է կռիվների, ծեծկռտուքների մեջ»:

Եղեգնուտիցներն ասում են, թե 10 տարի գյուղն այս վիճակում է, սակայն նրանց համբերության բաժակը լցվել է դեկտեմբերի 30-ի միջադեպից հետո, երբ գյուղապետի որդին ու եղբորորդիները Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարա տանող ճանապարհահատվածում դեռեւս չպարզված հանգամանքներում շուռ եկած մեքենայից դուրս են բերել, ահաբեկել ու ծեծի են ենթարկել իրենց 7 համագյուղացիներին:

«Մեքենայի միջի ժողովրդին, այդ թվում նաեւ ինձ, դուբինկաներով, փետերով այլանդակ ծեծի են ենթարկել», - ասաց եղեգնուտցիներից մեկը:

Գյուղացիների պնդմամբ` այս եղանակով հանրապետական գյուղապետը եւ նրա հարազատները հետընտրական վրեժ են լուծում 2008թ-ի հոկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը չսատարած գյուղացիներից:

Մինչդեռ Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները` պնդելով հակառակը` թե այս ամենի նպատակը իրեն պաշտոնազրկելն է: Ըստ նրա` ամեն ինչ սկսվել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո, երբ «գյուղացիները զգացին, որ հնարավոր է գյուղապետի վրա քար գլորել»:

«Գյուղում խոսակցություններ էին տարածվել, թե եթե Բեգլարյան Գագիկի նման մարդուն հանրապետության նախագահը ազատել է, ինչո՞ւ չի կարող մի սովորական գյուղապետի ազատել: Բերեք մի բան սարքենք», - իրավիճակը այսպես է ներկայացնում Մարգարյանը:

Վերջին 25 տարիներին Եղեգնուտը ղեկավարող գյուղապետը պնդում է, որ այդ գյուղացիները չեն հաշտվում իր հաղթանակի հետ: Նա շեշտում է, որ գյուղացիներին հրահրում է գյուղապետի ընտրություններում պարտված թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը:

Նա նաեւ կանխամտածված քաղաքական կամպանիա է որակում դեկտեմբերի 30-ին միջադեպը եւ դրա հաջորդ օրը Արմավիրի մարզպետարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցը: Նա պնդում է թե այդ 7 երիտասարդները, որոնք, եղեգնուտցիների հավաստմամբ, ծեծի են ենթարկվել, դեկտեմբերի 30-ին գյուղապետարանի դիմաց հայհոյել են իրեն եւ մեծ արագությամբ հեռացել, որից հետո գյուղի տարածքում ընդամենը քաշքշուկ է տեղի ունեցել: Գյուղապետը վթարի հետեւանք է որակում նախագահականի դիմաց բողոքողների այն պնդումներին, թե դեկտեմբերի 30-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել եղեգնուտցիներ:

«Դա մեքենայի շուռ գալու արդյունքում է եղել: Ոստիկանությունը ամիջապես հասել է տեղ, ոչ մի դուբինկա, փայտ չի եղել», - ասաց Մարգարյանը:

Թեեւ Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցված քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), սակայն եղեգնուտցիները, նախադեպերը հաշվի առնելով, վստահ չեն, թե հանցագործները կպատժվեն:

Այսօր 5 եղեգնուտցիներ նախագահի աշխատակազմին հանձնեցին իրենց նամակը, ներկայացրեցրին իրավիճակը: Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը տեղեկացրեց, թե նախագահին հարցը զեկուցել են, եւ բողոքին ընթացք կտրվի:

Եղեգնուտի գյուղապետն էլ ասաց, թե չի պատրաստվում հրաժարական տալ` իր խոսքով, «նման անտրամաբանական քայլ անել մի 30-40 հոգու պահանջով»: Նա տեղեկացրեց, որ նախագահականում այսօր բացատրություններ է տվել նախագահականի անվտանգության համակարգում աշխատող իր եղբորորդին եւ իրեն էլ, ամենայն հավանականությամբ, շուտով կկանչեն այնտեղ:

Your browser doesn’t support HTML5

Եղեգնուտցիները բողոքում են գյուղապետի անօրինականությունների դեմ