Բաքվում ստորագրվեց Հարավային գազային միջանցքի հռչակագիրը

Ադրբեջանը պարտավորվել է դեպի Եվրոպա գազի երկարաժամկետ մատակարարումներ ապահովել:

«Հարավային գազային միջանցք» կոչվող նախագծի վերաբերյալ համատեղ հռչակագիրը հինգշաբթի երեկոյան Բաքվում ստորագրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Գազի մատակարարումների ծավալը եւ պայմանագրի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը ենթադրում է Ռուսաստանը շրջանցող գազատարների ցանցի կառուցում, որը թույլ կտա զգալիորեն կրճատել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:

Բարոզուն եւ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտինգերը նախագծի իրականացման շուրջ այսօր բանակցություններ կվարեն նաեւ Թուրքմենստանի ղեկավարության հետ: