Ադրբեջանում մեկնաբանում են Իսլամական կուսակցության ղեկավարի ձերբակալությունը

Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդով

«Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովի ձերբակալությունը իշխող վարչակազմի յուրատեսակ պատասխանն էր տարեվերջյան բողոքի ակցիաներին», - համոզված են ադրբեջանցի քաղաքագետները:
Դեկտեմբերին Բաքվում եւ հարակից մի շարք բնակավայրերում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել կրթության նախարարի հրամանը, որով արգելվում է գլխաշորերով` հիջաբներով մուտք գործել հանրակրթական դպրոցներ:

Հունվարի 2-ին Բաքվում կայացավ Իսլամական կուսակցության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում քաղաքական այս ուժի ղեկավար Մովսում Սամեդովը կոշտ քննադատության ենթարկեց Իլհամ Ալիեւին: Կուսակցության ղեկավարը Ադրբեջանի նախագահին անվանեց իսլամի թշնամի եւ խաղամոլ:

Մի քանի օր անց Սամեդովը ձերբակալվեց` դատապարտվելով 13 օրվա վարչական կալանքի: Ու թեեւ նրան մեղադրում են ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ, իրավապահները չեն էլ թաքցնում, որ ձերբակալության իրական պատճառը կուսակցության ղեկավարի քաղաքական գործունեությունն է:

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որոնց համաձայն` Մովսում Սամեդովը կոչ էր անում շարքային քաղաքացիներին սրբազան պատերազմ` ջիհադ սկսել եւ խախտել հասարակական կարգը», - նշված էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի համոզմամբ` այս քայլով ադրբեջանական իշխանությունները կանխում են երկրի քաղաքացիների ինքնակազմակերպման հերթական փորձը:

Անդրադառնալով լարվածության դրդապատճառ դարձած հիջաբների խնդրին` Ալիզադեն նշել է. - «Իրականում դպրոցներում հիջաբ կրելու` կրթության նախարարության արգելքը հակասահմանադրական է, Ադրբեջանի Սահմանադրության որեւէ դրույթ չեք գտնի, որտեղ գրված է հիջաբների անթույլատրելիության մասին: Բացի այդ, գլխաշորով դպրոց հաճախող աշակերտուհիների թիվն այնքան էլ մեծ չէ»: