Բնապահպանները կարծում են, որ եղեւնիների հատման արգելքը Հայաստանում դե ֆակտո չի գործում

Երեւանում վաճառվող եղեւնիները

Բնապահպանության նախարարությունը հերքում է, որ մայրաքաղաքում վաճառվում են Հայաստանում ապօրինի հատված բնական եղեւնիներ եւ սոճիներ:
Եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքը Հայաստանում արդեն մի քանի տարի արգելված է: Երեւանում վաճառվող եղեւնիները եւ սոճիները, ըստ Բնապահպանության նախարարության մամլո խոսնակ Հասմիկ Մկրտչյանի, Հայաստան են ներկրվել Գերմանիայից, Նիդերլանդներից եւ Ռուսաստանից:

Ինչպես «Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Մկրտչյանը, այս տարի այդ երկրներից Հայաստան է ներկրվել մոտ 1600 եղեւնի եւ սոճի:

Ըստ նրա` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեկտեմբերի 21-ի հանձնարարականով ստեղծվել է տեսչական խումբը, որը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում Ամանորի նախօրեին եղեւնիների եւ սոճիների վաճառքի օրինականության վերաբերյալ:

Չնայած դրան, բնապահպանները չեն հավատում նախարարության հավաստիացումներին:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը համոզված է, որ տեսչությունը չի զբաղվում լուրջ վերահսողությամբ: Ըստ նրա` անզեն աչքով էլ կարելի է տարբերել ներկրված եւ տեղում արագ ու անփույթ հատված ծառերը:

«Նույնիսկ առաջին հայացքից երեւում է, որ հենց նոր կտրված է եւ բերվել է վաճառքի: Ով ինչ ծառ պատահել, կտրել եւ վաճառել է էժան գնով», - ահազանգում է Զարաֆյանը:

Նա շեշտում է, որ վաճառվող ծառերի եւ վաճառակետերի քանակը վերջին շաբաթում ավելացել է մի քանի անգամ, եւ այս պարագայում տեսչությունը պետք է անդադար ստուգումներ անցկացնի եւ փաստաթղթեր պահանջի վաճառողներից:

«Անօրինական ձեւով կտրտվել են եւ էժան վաճառվում են: Տեսչությունը պետք է ուղղակի այդ շուկայով անցնի եւ պահանջի փաստաթղերը: Փաստաթուղթ չկա՛, պետք է այդ վաճառքի կետը վերանա, ոչ մի տեղ չի վերանում: Այդ արգելքը ո՞ւմ համար է: Առաջին տարին, երբ արգելքը դրվեց, սոճիներ իրոք չկային, ոչ մի տեղ չկային», - ասաց Զարաֆյանը:

Բնապահպանության նախարարությունը չի հերքում, որ վաճառակետերում կարելի է գտնել նաեւ տեղական եղեւնիներ եւ սոճիներ, սակայն վստահեցնում է, որ դրանք հատվել եւ բերվել են Սյունիքի եւ Լոռու մարզերում գտնվող մասնավոր տնկարաններից:

«Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում ապրում է Դ. Հովհաննիսյանը, որը ունի սեփական տնկարան, այնտեղից բերել են 100 սոճի եւ բազմաթիվ ճյուղեր: Նույն կերպ վաճառք իրականացնում է Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի բնակիչ Թ. Թորսյանը, որը 80 հատ եղեւնու ճյուղեր է բերել», - ասաց Հասմիկ Մկրտչյանը:

Բնապահպանական տեսչության խումբը կատարված աշխատանքների ողջ ընթացքում հայտնաբերել է միայն 4 ապօրինի հատված սոճի Պռոշյան-Բաղրամյան անկյունից: Վաճառողը, ըստ մամլո խոսնակի, տեսնելով տեսչական խմբին, փախուստի է դիմել, իսկ սոճիները առգրավվել են:

«Սոճիները տրվել են Կենտրոնի թաղապետարանին, որպեսզի վերջինս էլ իր հերթին դրանք տրամադրի սոցիալապես անապահով ընտանիքների: Բացի այս 4 սոճիներից, որեւիցե այլ դեպք չի արձանագրվել», - ասաց Մկրտչյանը` պնդելով, թե շուկան բնապահապանական տեսչության վերահսկողության տակ է:

Մինչդեռ Ինգա Զարաֆյանը համոզված է, որ եղեւնիների հատումների արգելքը Հայաստանում դե ֆակտո չի գործում:

«Մենք չենք հավատում բնապահպանական տեսչությանը, վերահսկողությունը նշանակում է, որ դու հայտնաբերում ես այդ անօրինական [հատված] ծառերը, եթե հայտնաբերել ես, գոնե հայտնաբերած անօրինական մի ակտը ինձ ցույց տուր», - ասաց Զարաֆյանը:

Դեկտեմբերի կեսերից Բաղրամյան պողոտայի մայթի երկայնքով բնական եւ արհեստական եղեւնիների շուրջօրյա վաճառք իրականացնող անձինք եւս վստահեցնում են, որ դրանք բերվել են արտերկրից, սակայն նրանք հրաժարվում են տրամադրել որեւէ փաստաթուղթ: Որպես ապացույց մատնանշում են դրանց որոշ տեսակների վրա կախված կարմիր պիտակները:

Մեկ ամբողջական եղեւնու արժեքը տատանվում է 50-100 հազար դրամի սահմաններում` կախված դրա բարձրությունից եւ տեսակից: Ամբողջական եղեւնի գնել չցանկացողներին վաճառողներն առաջարկում են սոճու ճյուղեր` 2000-5000 դրամի սահմաներում: Վաճառողները այս տարվա առեւտրի ծավալներից այնքան էլ գոհ չեն, ասում են, թե վաճառել են ներկրված հարյուրավոր բնական եւ արհեստական եղեւնիների միայն փոքր տոկոսը:

«Առեւտուր չենք արել, անցյալ տարի մի քիչ ոչինչ, էս օրերին կար [առեւտուր]», - ասաց վաճառողներից մեկը: