Էռնեստ Վարդանյանը ներում է հայցում

Պետական դավաճանության մեղադրանքով Մերձդնեստրում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը նախընտրել է չբողոքարկել դեկտեմբերի 16-ին իր նկատմամբ կայացրած վճիռը եւ դիմել է չճանաչված հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն:

«Հարգելի Իգոր Նիկոլաեւիչ, խնդրում եմ ՁԵզ՝ որպես պետության ղեկավարի, ներում շնորհել ինձ», - «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության փոխանցմամբ, նշված է ձեռագրով գրված խնդրանքում։

Էռնեստ Վարդանյանն այդ նամակում ընդունում է իր մեղքը: Նա նշել է, որ խաբեության ճանապարհով 9 տարիների ընթացքում հավաքագրված է եղել Մոլդովայի հատուկ ծառայությունների կողմից, սակայն Մոլդովայի օգտին լրտեսությամբ զբաղվել է իր կամքին հակառակ, իսկ ձերբակալությունից հետո զղջացել է կատարածի համար, իր մեղքը գիտակցում է եւ խնդրել է ներում շնորհել:

Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Վարդանյանի դատավճռի հրապարակումից հետո հարցազրույց էր տպագրել Մերձդնեստրի Պետական անվտանգության փոխնախարարի հետ, որում գեներալ-մայոր Միխայիլ Ռասսիխինը նշել էր, թե «ինֆորմացիա կարելի է հավաքել նաեւ այսպես կոչված մատչելի աղբյուրներից» եւ Վարդանյանին մեղադրել էր այդ աղբյուրներից օգտվելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ զրույցում Մերձդնեստրում բնակվող քաղաքագետ Անդրեյ Սաֆոնովը փոխանցել էր, որ անկախ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Պետական անվտանգության նախախարություն՝ պահանջելով մեկնաբանել փոխնախարարի մտքերը, թե «մարդկանց կարելի է 15 տարվա ազատազրկման դատապարտել բոլորի համար հասանելի աղբյուրներից օգտվելու համար»:

Քաղաքագետի խոսքերով, միանշանակ է, որ որեւէ մեկին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել նման մեղադրանքով:

Մոլդովայի PEN-club-ի ղեկավար, գրող Վիտալիե Չոբանուն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե այժմ` Էռնեստի դատավճռի հրապարակումից հետո, պետք է «է’լ ավելի ակտիվորեն համախմբել Մոլդովայի հասարակական կարծիքը»: