Դեկտեմբերի 28-ի մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. - «Այս տարի, ի տարբերություն շատ նախարարների, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ ամփոփիչ ասուլիս չհրավիրեց: Վարչապետին կարելի է հասկանալ` վիճակը վիճակ չէ: Ասուլիսի ընթացքում հնչեցվելիք հարցերն էլ հնարավոր չէ վերահսկել` եթե , իհարկե, ասուլիսին միայն «պատասխանատու» լրատվամիջոցները չեն հրավիրված: Իսկ լրագրողների նույնիսկ ամենաանշառ թվացող հարցը կարող է դժվարություններ պատճառել վարչապետին: Տնտեսությունը չի աճում, չնայած հաղթահարվել է ճգնաժամը, գները աճում են, դրամը անհասկանալի վարքագիծ է դրսեւորում, արտաքին պարտքը երկու անգամ գերազանցում է բյուջեն, կառավարությունում կադրային փոփոխություններ են անում, որի իմաստը ոչ ոք չի հասկանում… Դե արի ու այս պայմաններում ասուլիս հրավիրի, այն էլ` ամփոփիչ: Եղածը հերիք չէր, էս ձվի դեֆիցիտն էլ մի կողմից: Կարծես ամեն ինչ մեր վարչապետի դեմ աշխատի: Իհարկե, այս իրավիճակի հիմնական մեղավորը հենց վարչապետն է, բայց այս պահին դա չէ կարեւորը: Կարեւորը փաստն է` վիճակը վատ է, ասուլիս հրավիրելի սիրտ էլ չկա»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը արձագանքում է Տրանսպորտի եւ կապի նախարարի հայտարարությանը. - «Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս- Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը դեռ չի սկսվել, որովհետեւ Հայաստանում ոչ մի շինարարական ընկերություն ի վիճակի չէ նմանատիպ ավտոճանապարհ կառուցել: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն երկու տարվա ընթացքում այդ ծրագիրը լայնորեն գովազդվել է, նախագծման աշխատանքների համար հսկայական գումարներ են ծախսվել, ու հանկարծ պարզվում է` ոչ մեկը չի կարող կառուցել այդ ճանապարհը: «Մկների ժողովում» էլ է այդպես, չէ՞: Հրաշալի ծրագիր է մշակվում, ներկայացվում են կատվի վզից զանգ կախելու«ինժեներատեխնիկական հիմնավորումները» եւ ծրագրի «ռազմավարական կարեւորությունը», բայց պարզվում է` զանգ կախող չկա: Հարց է ծագում` իսկ գուցե իմաստ ուներ հենց սկզբում այդ հա՞րցը ճշտել: Ի դեպ, հետաքրքիր է` իսկ Հայաստանում համապատասխան ընկերություն կա՞ Իրան – Հայաստան երկաթուղին կառուցելու կամ «Աշխարհի քաղաք» կերտելու համար: Թե՞ Հայաստանը պարտաստվում է իր վրա վերցնել միայն «կաֆել-մետլախի» գործը»:

«Հայոց Աշխարհ»ը «Կտրուկ շրջադարձերի տարի» վերնագրի ներքո գնահատում է անցնող 2010 թվականը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում. - «2010 թվականը պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած կտրուկ շրջադարձերի, «դրանց ուղեկցող ներքաղաքական սպասումների ժամանակաշրջան։ Անցնող տարվա ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում արձանագրված բարդ ու հակասական գործընթացները իրենց անդրադարձն ունեցան նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ մեծապես պայմանավորելով քաղաքական ուժերի վերադասավորման հետագա ընթացքը։ Եթե տարվա առաջին կեսը, կամ նրա մեծ մասն անցավ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված ներքաղաքական պայքարի մթնոլորտում, ապա երկրորդ կեսին ակտիվացած Ղարաբաղյան բանակցային գործընթացը լիովին կլանեց հայ դիվանագիտության եւ երկրի քաղաքական ուժերի ուշադրությունը։ 2010 թվականը հիմնականում արտաքին-քաղաքական զարգացումների տարի էր, որոնց համատեքստում իշխանության ու ընդդիմության մրցակցությունը դրսեւորվում էր այդ բարդ գործընթացների հանդեպ դիրքորոշվելու փորձերի տեսքով։ 2011 թվականին, կարծում ենք, կխախտվի նշյալ օրինաչափությունը, որովհետեւ 2012-ին Հայաստանում սպասվում են հերթական խորհրդարանական ընտրություններ»։

Lragir.am-Iի հարցին, թե 2010 թվականը ներքին ժողովրդավարացման առումով ինչպիսի՞ն էր, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը պատասխանում է. - «Բավականին հետաքրքիր էր, բեկումնային էր հասարակական իմաստով, որովհետեւ այս տարվա ընթացքում բազմաթիվ հասարակական նախաձեռնություններ եղան, որոնք շատ հետաքրքիր պոտենցիալ ունեն: Օրինակ` ՀՀ լեզվի օրենքի փոփոխության դեմ, անգամ օրենքի ընդունումից հետո էլ ոչ թե մարում է, այլ նոր թափ եւ նոր իմաստ է ստանում: Հասարակական ակտիվացմանը մի կողմից նպաստեց 2008-ից սկսած քաղաքական ակտիվ փուլը, որը բազմաթիվ մարդկանց իրար հետ կապեց, յուրահատուկ ցանց ստեղծեց, իսկ մյուս կողմից` ինտերնետի արագացումը եւ տարածումը սկսած 2009-ից: Ես շարունակում եմ չափավոր օպիտիմիզմով նայել, եւ 2010-ին ինչ փոփոխություններ տեղի ունեցան` մոտակա մի քանի տարվա մեջ իրենց զարգացումը կստանան, եւ մենք նոր հասարակություն կունենանք: Հասարակական կյանքն այսօր շատերի համար յուրահատուկ ԲՈւՀ է դառնում, ուր մարդիկ եւ փորձ են ձեռք բերում, եւ նոր իրականություն ստեղծում: Այնպես որ, «մի այցելեք ձեր ԲՈՒՀ-երը, ձեր ԲՈՒՀ-ը Ազատության հարապարակն է»: