Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը մեղադրվում է յուրացման մեջ

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Ալվարո Անտոնյանը

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանին մեղադրում է 3 միլիոն 324 հազար դրամ (մոտ 9200 դոլար) յուրացնելու մեջ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Ալվարո Անտոնյանը Ֆրանսիայի ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի ներկայացուցչի հետ 2008 թվականի հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով նախատեսվել է Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց: Սակայն ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, հակառակ սկզբնական պայմանավորվածության, ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը եւ 2009 թվականի օգոստոսին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 70 հազար եվրո են փոխանցել Ալվարո Անտոնյանի ղեկավարած հկ-ի հաշվեհամարին:

Ըստ հաստատված մեղադրականի` Ալվարո Անտոնյանը գումարը յուրացրել է Վայք քաղաքում եւ Զեդեա համայնքում շահագործման հանձնված սեյսմիկ 6 կայաններից բաղկացած ցանցի կառուցման համար հատկացված միջոցներից: Քրեական գործն արդեն ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նա ընդունում է առաջադրված մեղադրանքը, Ալվարո Անտոնյանը պատասխանեց. - «Ո՛չ, ես չեմ վատնել, ոչ էլ յուրացրել եմ: Ֆրանսիական կողմը տրամադրել էր գումար այդ կայանների շինարարության համար, ես կառուցել եմ այդ կայանները` որակով եւ ժամանակին, ընդ որում ծախսել եմ ֆրանսիացիների կողմից տրամադրված գումարի 50 տոկոսից քիչ, նրանք նույնիսկ զարմացել էին»:

Անտոնյանին զարմացրել է քննչական ծառայության որոշումը իրեն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ: Նա ասաց, որ բնավ չէր ակնկալում քրեական հետապնդում, քանի որ, իր պնդմամբ, շատ կարեւոր գործ է կատարել:

«Նորագույն սարքավորումներ ենք տեղադրել, որ մենք երազում էինք 20 տարիների ընթացքում: Դա իմ նախաձեռնությամբ է եղել», - ասաց Անտոնյանը:

Նա նշեց, որ նախաքննության ժամանակ նույնպես պնդել է, թե յուրացում չի եղել: Անտոնյանը ենթադրում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդման դրդապատճառները անձնական խնդիրներն են. - «Միայն այդ դեպքում կարող էր այսպիսի ընթացք ստանալ»:

Հարցին, թե նրա խնդիրները իրավապահ մարմինների՞, թե՞ բարձրագույն իշխանության հետ են, Անտոնյանը պատասխանեց. - «Ես Հանրապետական կուսակցությունից եմ, ինչպե՞ս կարող եմ պրոբլեմներ ունենալ բարձրագույն իշխանության հետ»: