Սահակաշվիլին խոսում է միավորված խաղաղ Կովկասի իր տեսլականի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները չունեն առանձին ճանապարհ, եւ բոլոր հարցերը տարածաշրջանում պետք է լուծվեն միասնաբար:

«Իմ տեսլականը միավորված խաղաղ Կովկասի գաղափարն է, եւ ես համարում եմ, որ մեր երկրներից ոչ մեկը չունի առանձին ճանապարհ», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Սահակաշվիլին եւ հավելել. - «Կա'մ մենք պետք է իրար հետ լուծենք այդ հարցերը, կա'մ առանձին-առանձին մենք խնդիրներ կունենանք»:

«Երբ մենք օգնում ենք միմյանց, երբ կողք-կողքի ենք կանգնում, շատ դժվար է մեզ պառակտել, շատ դժվար է ոչնչացնել առանձին-առանձին: Եվ մյուս կողմից, հենց սկսում ենք կռվել իրար հետ` դյուրին որս ենք դառնում մեծ խաղացողների համար», - ընդգծել է Վրաստանի նախագահը:

Նրա կարծիքով` Հարավային Կովկասի երկրները պետք է Կովկասի խնդիրը այնպես լուծեն, որպեսզի այն լինի միասնական տարածաշրջան, որտեղ ժողովուրդները հարգեն միմյանց, չլինի բռնություն:

Այդ համատեքստում Սահակաշվիլին հիանալի օրինակ է համարել Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: