Նորանշանակ նախարարները մասնակցեցին կառավարության նիստին

Նորանշանակ նախարարներ Տիգրան Դավթյանը, Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը հինգշաբթի օրը առաջին անգամ մասնակցեցին կառավարության նիստին:
Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց` թե սկսելու է աշխատանքը կադրային փոփոխություններից:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջին անգամ էր մասնակցում կառավարության նիստին: Նիստից հետո նա նույնպես պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կարծում եմ ամբողջ կառավարության համար դա (լրագրողների հետ շփվելը) պրակտիկա է, այսինքն` ընդունել, լսել ժողովրդին եւ փորձել աջակից լինել, դա ցանկացած պաշտոնյայի խնդիրն է», - ասաց նորանշանակ նախարարը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 17-ի հրամանագրերով, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ազատվել էր պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել էր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: ֆինանսների նախարարի պաշտոնում Դավթյանի փոխարեն նշանակվել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Ավելի ուշ Ներսես Երիցյանը նշանակվել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

Դեկտեմբերի 17-ին նաեւ Երեւանի ավագանին հաստատել էր նախագահ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ավելի վաղ ընդունված որոշումը` Երեւանի քաղաքապետ նշանակել «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հիշեցնենք, հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հինգշաբթի օրը մեկնաբանեց Երեւանի քաղաքապետի, ինչպես նաեւ կառավարության կազմի վերջին փոփոխությունները` ասելով. - «Իհարկե, ճիշտ է, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում է Կարեն Կարապետյանը: Այնուամենայնիվ, դա ավելի լավ է: Ես չեմ ուզում կոնկրետ դրվածին բան ասել, բայց, ես հիմքեր չունեմ հիացած լինելու «ՀայՌուսգազարդ»-ում նրա աշխատելով: Այնտեղ նրա աշխատելու 8-9 տարիներին գազի ինքնարժեքը 8 դոլարից դառել է 90 դոլար: Նախարարների փոփոխության մասով` արդարադատության նախարարին չեմ ճանաչում: Տնտեսական բլոկում` փոփոխությունների հետ համաձայն չեմ: Այնտեղ փոփոխություն չկա: Գումարելիների տեղերն են փոխել»: