Ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը հեռարձակման լիցենզիա չստացավ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հինգշաբթի օրը հրապարակեց Շիրակի մարզում թվային ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու համար հայտարարված լիցենզավորման մրցույթի արդյունքները: ՀՌԱՀ-ը 14 միավոր գնահատեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայտը, եւ հաճախության համար պայքարում հաղթեց Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը, որի հայտը գնահատվել է 42 միավոր:

Մրցույթի արդյունքների հրապարակմանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից ոչ ոք չէր մասնակցում:

«Այլ որոշում չէինք էլ սպասում: Դեռեւս երկու ամիս առաջ ասացինք, որ կլինի քաղաքական որոշում, եւ պարզ էր, թե ինչ որոշում կլինի` հաշվի առնելով ՀՌԱՀ-ի նախորդ բոլոր որոշումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2007 թվականից ի վեր, երբ հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, մի շարք խնդիրներ է ունեցել հարկային եւ մաքսային մարմինների հետ: Հեռուստաընկերության նկատմամբ գործադրված ճնշումները իրենց զեկույցներում դատապարտել են միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Freedom House-ը, Amnesty International-ը եւ այլն:

Անկախ մրցույթի արդյունքներից, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը մինչեւ 2015 թվականը անալոգային եղանակով կշարունակի եթեր հեռարձակվել: Դա վերաբերում է բոլոր այն մարզային հեռուստաընկերություններին, որոնք թվային հեռարձակման լիցենզիա չեն ստացել: