«Ժառանգությունը» ընդդիմադիր եւ իշխանական ճամբարներում «մենատիրական միտումներ» է տեսնում

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում նախընտրական պայքարը զարգանալու է ոչ դասական սխեմայով:
Չորեքշաբթի օրը կայացած ամփոփիչ ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ «նախընտրական հիմնական կոնֆլիկտը լինելու է ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ, այլ իշխանության ներսում եւ ընդդիմության ներսում»:

Իր հերթին կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խոսելով 2012-ին ընդառաջ ընդդիմադիր ուժերի համագործակցության հնարավորությունների մասին, ասաց, որ ինչպես իշխանական կոալիցիայում, այնպես էլ ընդդիմադիր դաշտում գործընթացները զարգանում են միեւնույն տրամաբանությամբ: Ըստ նրա` եթե կոալիցիայում առկա է կոալիցիոն գործընկերներին իշխող Հանրապետական կուսակցությանը եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանին լիակատար կերպով ենթարկեցնելու միտում, ապա նույն միտումն առկա է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պարագայում: Այսինքն, ՀԱԿ-ը ձգտում է ամբողջությամբ դառնալ ընդդիմադիր բոլոր նախաձեռնությունների մենատերը:

«Ի՞նչ է ասում ՀԱԿ-ը, որ այսօրվա իշխանության, այսօրվա նախագահի միակ այլընտրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, միակ հեգեմոն ուժը խորհրդարանում պետք է լինի ՀԱԿ-ը, եւ ընդդիմադիր դաշտում բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում այս խաղի կանոններին, այսինքն չեն գործելու իրենց ենթակայության տակ, հայտարարվում են ընդդիմությունից դուրս, պիտակավորվում են, ինչը շատ վտանգավոր հետեւանք կարող է ունենալ», - ընդգծեց Ռուբեն Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի` արդյունքում ընդդիմադիր դաշտը այդպես էլ չի կարող համախմբվել, եւ իշխանություններն անուղակիորեն մնում են առանց այլընտրանքի: Նա նաեւ նշեց, որ չնայած ՀԱԿ-ի կողմից իրենց ուղղված լուտանքներին, «Ժառանգությունը» ամեն ինչ անում է համագործակցության դաշտ ստեղծելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Ժառանգություն»-ը ընդդիմադիր որեւէ ուժի հետ դաշինքով հանդես գալու հնարավորություն տեսնո՞ւմ է, Սաֆարյանը պատասխանեց. - «Դաշինքը նպատակ չէ, միջոց է հասնելու քո ծրագրերին, եւ դաշինքները միշտ չէ, որ կարող են ուժեղացնել»:

Իսկ Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ առաջիկա զարգացումներին ընդառաջ, ընդդիմադիր բոլոր ուժերն, այնուամենայնիվ, պետք է համախմբվեն, քանի որ դա ժամանակի և ժողովրդի պահանջն է:

ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանգամայն անտրամաբանական համարեց ընդդիմադիր դաշտում մենատիրական միտումների մասին խոսակցությունները:

«18 կուսակցություններից բաղկացած Հայ ազգային կոնգրեսը ձեւակերպել է իր օրակարգը, ավելին` այն մշտապես բաց է եղել համագործակցության համար այդ օրակարգի շրջանակներում: Եվ եթե նույնիսկ այս տարրական ռազմավարությունը դժվար է լինում ընկալել, ես միայն կարող եմ մաղթել բեղմնավոր պայքար այդ մոնոպոլիզացիայի դեմ», - ասաց Մուսինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ համագործակցության փորձ ունի. - «Մենք փաստահավաք խմբում աշխատելու հրաշալի համագործակցության փորձ ունենք եւ շատ լավ է ստացվել, եւ հասարակությանը կարողացել ենք ներկայացնել մարտիմեկյան ոճրագործության իրական պատկերը»: