Քաղաքական ուժերը արձագանքում են նախագահի շաբաթօրյա ելույթին

Նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված նիստում

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով շաբաթ օրը ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ այն մի քանի ուղերձ էր պարունակում, այդ թվում` կադրային քաղաքականության հետ կապված:
Շարմազանովի փոխանցմամբ` այսօրվա իշխանությունները նախկիններից տարբերվում են նրանով, որ չեն ասում, թե` «ամեն ինչ լավ է, ջայլամի քաղաքականություն չեն վարում, եւ այս քաղաքականությունը շարունակվելու է նաեւ ապագայում»:

Նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խոսնակը պարզաբանեց. - «Մենք ասում ենք, այո, կա կոռուպցիա, կա կաշառակերություն, կան բազմաթիվ վատ երեւույթներ, կան անբարեխիղճ պաշտոնյաներ, եւ այդ վատ երեւույթների դեմ պետք է պայքարել: Նախագահը ներկայացրեց իշխանության փիլիսոփայությունը, որը հետեւյալն է` որեւէ պաշտոնյա, որը իրեն օրենքից բարձր կպահի, տեղ չպետք է ունենա պետական համակարգում»:

Նրա խոսքով` նախագահի հաջորդ ուղերձը այն էր, որ Հայաստանը պետք է առաջ գնա ժողովրդավարության զարգացման եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծման ճանապարհով:

Խոսելով քաղաքական երկխոսության ակտիվացման մասին` Շարմազանովը ասաց. - «Հանրապետականն ու նախագահը միշտ երկխոսության գնում են բոլոր կառուցողական ուժերի հետ, ովքեր ասելիք ունեն մեր հանրությանը: Իսկ բոլոր այն ուժերը, որոնք ոչ թե երկխոսելու են գնում, այլ գնում են ուլտիմատումներով կամ նիհիլիզմի կամ հայհոյելու ճանապարհով, կարծում եմ, ոչ միայն Հանրապետականը, այլ նաեւ որեւէ մեկը նրանց հետ գնալու ճանապարհ չունի: Կառուցողական, առողջ, երբեմն սուր քննադատող ընդդիմությունը, իհարկե, երկրի բարեբախտությունն է»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անհասկանալի էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածում հայ-թուրքական հարաբերություններին չանդրադառնալը: Հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում ՀՅԴ-ի 120-ամյակին Սերժ Սարգսյանի մասնակցությունը եւ շաբաթօրյա ելույթում ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած դրվատանքի խոսքերը, Կիրո Մանոյանը ասաց. - «Մեզ մոտ այն պատկերացումը, որ ընդդիմություն կոչվածը պետք է միայն իշխանության գլուխը ջախջախելու մասին խոսի, կամ իշխանությունն էլ միայն ընդդիմություն կոչվածի գլուխը ջախջախելու մասին մտածի, դա ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքակիրթ մոտեցում է: Անհարժեշտ է, որ այդ մոտեցումները փոխվեն եւ զարմանալի չլինի, որպեսզի իրար ընդդիմախոս կուսակցություններ իրար պաշտոնական հանդիսությունների հրավիրեն, ներկա լինեն եւ նույնիսկ իրենց քննադատական խոսքը ասեն»:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի ելույթում կուսակցությանը ներկայացրած պահանջների վերաբերյալ ասաց, որ դրանց ներկայացվել են ոչ միայն ԲՀԿ-ին այլ նաեւ Հայաստանի կառավարման համակարգում ընդգրկված բոլոր մարդկանց:

«Ակնհայտ է, որ կան պահանջներ, եւ այդ պահանջները պետք է բավարարել: Բոլոր նրանք, ովքեր ի զորու չեն այդ պահանջները կատարելու, բնական չէ՞, որ իրենք պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր ավելի կոմպետենտ են, ավելի իրազեկ են եւ ավելի տիրապետում են իրենց ոլորտին», - ասաց Բոստանջյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի ելույթում լավ ձեւակերպումներ կային, բայց, «ցավոք, խոսքը մի բան է, իրականությունը` բացարձակ այլ բան»:

«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես ինչ-որ առումով չեմ կիսում այդ գնահատականը: Շատ նորմալ եմ դիտում, որ ընդդիմությունը պետք է պայքարի իշխանափոխության համար, եւ դրա համար ընդդիմություն է: Նշանակում է` չի բավարարում իշխանությանը այսօրվա կերպարը, շեշտադրումները եւ դա գնահատել, որ վատ է պետության համար, սխալ է», - ասաց Հակոբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նախագահի ելույթը առանցքային է գնահատում: Ըստ նրա` «առաջին անգամ ռեժիմը խոստովանեց, որ Հայաստանը գտնվում է ծանր վիճակում ու նաեւ արձանագրեց բոլորին հայտնի այն իրողությունը, որ երկրի թիվ 1 խնդիրը համատարած կաշառակերությունն ու կոռուպցիան է»:

«Իրենք էլ արդեն հասկանում են, որ այսպես երկիրը կառավարել հնարավոր չէ, եւ Հայաստանին ուղղակի կոլապս է սպասում, եթե արմատական փոփոխություններ չլինեն: Սա ինքնին կարեւոր զարգացում է, որը նշանակում է, որ ավտորիտար ռեժիմի ռեսուրսները սպառվել են: Բնականաբար, որեւէ արդյունք սա չի տա, որովհետեւ Հայաստանի խնդիրները համակարգային են», - ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ժողովրդավարացման եւ քաղաքական երկխոսության մասին Հայաստանի նախագահի խոսքերը այդպես էլ գործի չեն վերածվում, այսինքն ո'չ քաղբանտարկյալներն են ազատ արձակվում, ո'չ մարտի 1-ի գործն է բացահայտվում, ո'չ էլ «Ա1+»-ն է վերաբացվում:

«Քանի որ այս քայլերը արված չեն, բոլոր խոսքերը դատարկաբանություն են», - ասաց ընդդիմության ներկայացուցիչը: