Եվրախորհրդարանի պատգամավորը իր զեկույցում մտադիր է արծարծել Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբա

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպումներ ունեցել ԼՂ ղեկավարության՝ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

«Մենք նախ եւ առաջ պետք է հանդիպեինք, որպեսզի կարողանանք մտքեր փոխանակել հակամարտությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, ինչը կօգնի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնել», – կիրակի օրը Ստեփանակերտում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նշեց Պորեբան՝ ընդգծելով, որ առանց երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավոր չէ լուծումներ գտնել։

Երկու ամիս առաջ Եվրոպայի խորհրդարանի եւս երկու պատգամավոր այցելել էին Ստեփանակերտ: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք սա խոսում է Եվրոխորհրդարանի կողմից հետաքրքրության մասին դեպի այս տարածաշրջանը՝ Տոմաշ Պորեբան ասաց, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Եվրամիության փոխհարաբերությունները հակամարտության կարգավորման ոլորտում շատ կարեւոր են եւ պետք է էլ ավելի աշխուժացվեն։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հանդիպեց նաեւ ԼՂ փախստականների միության անդամների հետ: Այս հանդիպման ընթացքում Պորեբան հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաեւ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները։