Դեկտեմբերի 18-ի մամուլ

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը բարկացել է` աջուձախ կադրային փոփոխություններ է անում, որոնց ո՛չ ընդհանուր տրամաբանությունն է հասկանալի, ո՛չ մոտիվները: Ընդ որում, հասարակության մեծ մասին կադրային այդ փոփոխություններն առանձնապես չեն հետաքրքրում: Այսպիսի դիպուկ խոսք կա` ի՞նչ տարբերություն` քաչալ Հասա՞ն, թե՞ Հասան քաչալ: Կադրային վերջին փոփոխությունները հասարակությունն ընկալում է հենց այս շրջանակներում, որովհետեւ իսկապես էլ` ի՞նչ տարբերություն, թե ով կլինի էկոնոմիկայի նախարարը կամ սոցիալական ապահովության ծառայության պետը: Կադրային այդ փոփոխությունները, մեծ հաշվով, հետաքրքրում են միայն այդ հիմնարկների աշխատակիցներին»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ տարբերություն կա, ասենք, Ներսես Երիցյանի եւ Տիգրան Դավթյանի միջեւ: Զուտ վիզուալ տարբերություն, իհարկե, կա, բայց ես վստահ եմ, որ եթե պարոն Դավթյանին հանձնարարվեր անցկացնել «հեռուստատեսության թվայնացումը», ապա վերջինս դա կաներ նույն փայլով եւ արհեստավարժությամբ, ինչպես որ դա արել է պարոն Երիցյանը: Դուք արդեն զգում եք, չէ՞, թե որքան ազատ եւ բազմակարծիք է դարձել հեռուստաեթերը էկոնոմիկայի նախկին նախարարի «թվայնացումից» հետո: Կամ` ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ նորանշանակ քաղաքապետը իր պաշտոնական կենսագրության մեջ չի նշում, թե որտեղ է նա ծնվել: Այստեղ ի՞նչ մի ամաչելու բան կա: Իմ ապուպապերն էլ են այնտեղ ծնվել` ինքին դա կոմպրոմատ չի: Մարդս, ինչպես ասում են, մարդ լինի: Բացի նախկին քաղաքապետի պաշտոնանկությունից, մնացած կադրային փոփոխությունների համար որեւէ բանական բացատրություն չի արտաբերվել: Չի ասվել, օրինակ, որ Ներսես Երիցյանի մեղքով Հայաստանի տնտեսական ցուցանիշները վատն էին, իսկ ահա Տիգրան Դավթյանի համառ ջանքերով դրանք անշեղորեն կբարելավվեն: Կամ` չի ասվում, որ Վազգեն Խաչիկյանը կենսաթոշակային հիմնադրամի փողերը կերել է: Ասում են` ստուգումներ ենք անցկացնում, հետո կասենք: Իսկ եթե ստուգումների արդյունքում պարզվի, որ Վազգենը ոչ մի մեղք չունի, նրան նորի՞ց կնշանակեք նույն պաշտոնում»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Կադրերն են որոշում ամեն ինչ. սովետում հորինված այս ասացվածքը մի նպատակ ուներ` որ շարքային քաղաքացին իր բոլոր դժբախտությունների համար մեղադրեր ԺԷԿ-ի պետին, թաղային մլիցուն, իր գործարանի բրիգադիրին...: Այդ կարգախոսը հորինվել էր, որ մարդիկ հանկարծ չմտածեն, թե բրեժնեւներն ու սուսլովներն են մեղավոր, թե կոմունիզմ կառուցելու ուտոպիստական գաղափարախոսությունն է սխալ: Վերջին օրերին իշխանության տարբեր օղակներում տեղի ունեցող կադրային, այսպես ասած` փոփոխությունները ակնհայտորեն այդ նույն` «կադրերն են որոշում ամեն ինչ» 70-ամյա մառազմից է: Դեռ ոչ չի կարողացել եւ չի էլ կարողանա տրամաբանական սպառիչ բացատրություն տալ այս, այսպես կոչված, փոփոխություններին: Թերեւս միակ, շատ թե քիչ ընդգրկուն տրամաբանական բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է մի քանի իշխանական դեմքեր փոփոխելով` հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե երկրի կյանքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Բայց մեր հանրությունն էլ հո սովետի թոհուբոհի միջով է անցել ու արդեն շատ լավ գիտի, որ ամենեւին էլ այս օրերին փոփոխվող կադրերը չեն, որ ամեն ինչ են որոշում»:

«Երկիր»-ը գրում է. - «Կադրային այն փոփոխությունները, որ այսօր հանրության ուշադրության կենտրոնում են, կարծես, ոչ մի կերպ չեն առնչվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Համենայնդեպս, այն պատճառը, որը վկայակոչեց ՀՀ վարչապետը արդարադատության նախկին նախարարին պաշտոնանկ անելիս, վերաբերում էր հենց սույն պաշտոնյային: Որեւէ կայացած քաղաքական մշակույթ ունեցող երկրում վարչապետի բացատրություններից հետո նման առիթ տված պաշտոնյան, տվյալ դեպքում ԴԱՀԿ պետը, անմիջապես հրաժարական կտար կամ նրան կպարտադրեին հրաժարականի: Սակայն, ինչպես տեսնում ենք, գոնե առայժմ Միհրան Պողոսյանը անսասան է: Գուցե նա անփոխարինելի աշխատո՞ղ է, որին ամեն ինչ կարելի է ներել: Համենայնդեպս, ԴԱՀԿ-ն իր պաշտոնական կայքէջում վիճակագրական տվյալներ է հրապարակում` ասես հասկացնելով, որ պետը «աշխատող տղա է»:

«Հրապարակ»-ը զրուցել է ԲՀԿ-ի նոր պատգամավոր Արագած Ախոյանի հետ: «Ձեր գալուստն Ազգային ժողով, փաստորեն, համընկավ խոսակցությունների հետ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Դրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել», - այս հարցին Ախոյանը պատասխանել է. - «Ճիշտն ասած, ես եկել եմ Ազգային ժողով առանց նման նախապայմանի: Նման նախապայմանի մասին չեմ իմացել: Ոնց կորոշի մեր կուսակցությունը, բնականաբար, այդպես էլ կշարժվենք»: Հարց. - «Եթե որոշվի, որ ԲՀԿ-ն դո՞ւրս է գալիս կոալիցիայից»: Պատասխան. - «Կներեք, ես նոր մարդ եմ, նոր ոտք եմ դրել Ազգային ժողով: Ես խնդրում եմ` էդ հարցերը ինձ չտաք: Երբ որ կուսումնասիրեմ ամբողջությամբ` այդ ժամանակ նոր ձեզ կպատասխանեմ»: