Կարեն Կարապետյանը՝ քաղաքապետ, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարար

Հինգշաբթի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը։ Կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ խորհուրդը միաձայն որոշել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հիշեցնենք, հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

Խորհուրդը նաեւ միաձայն հավանություն է տվել նախագահի առաջարկին՝ Հրայր Թովմասյանին առաջադրել արդարադատության նախարարի պաշտոնում։ Դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեւորգ Դանիելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար:

Բացի այդ, խորհուրդը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի առաջարկին՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին ազատել պաշտոնից, նրա փոխարեն առաջադրելով ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին։ Ներսես Երիցյանն անցնելու է այլ աշխատանքի։ Ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը։

«Ազատություն» ռադիոկայանին տեղեկացնելով կուսակցության այս որոշումների մասին, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։