Նախատեսվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ավելի կարճ ժամկետում իրականացնել

Բնապահպանները բողոքում են զբոսայգիներում սրճարաններ կառուցելու դեմ:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի հապճեպ լրացումները, ըստ բնապահպանության նախարարի, նպատակ ունեն բարելավել գործարար միջավայրը:
Երկուշաբթի օրը օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում:

Կառավարությունն առաջարկում է օրենքում լրացում կատարել այն դեպքում, երբ մի քանի ամսից նախատեսվում է ամբողջությամբ փոփոխության ենթարկել այս օրենքը:

Ըստ առաջարկվող լրացման` քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում է փաստաթղթերը ստանալուց առնվազն 15-օրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում լիազորված մարմինը ձեռնարկողին պատասխան չի տալիս, ապա փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական: Ընդ որում մինչև 1500 քառակուսի մետր քաղաքաշինական ծրագրերն ընդհանրապես փորձաքննության չեն ենթարկվելու: Գործող օրենքով սահմանված է 120-օրյա ժամկետ:

«Մենք այս փոփոխությունը ներկայացրել ենք, որպեսզի առաջին հերթին բարելավվի գործարար միջավայրը, եւ կարողանանք քաղաքաշինության բնագավառում խթան հանդիսանանք եւ ավելի արագ իրականանցնենք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը», - ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե որն է տարեվերջին նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

Դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ այս ժամկետները կրճատելով կառավարությունը իր առջեւ նպատակ է դրել Համաշխարհային բանկի «Doing Business» ամենամյա զեկույցում լավագույն 20-յակում տեղ զբաղեցնել:

Բնապահպան Կարինե Դանիելյանի հարցին, թե արդյո՞ք հանրային քննարկումներ եղել են այս փոփոխության շուրջ, նախարար Հարությունյանը բացասական պատասխան տվեց:

«Չի եղել, բա ինչպե՞ս է մտել Ազգային ժողով, սա հարց է», - արձագանքեց Դանիելյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նախատեսվող փոփոխությունը լրջորեն մտահոգում է բնապահպանական հասարակական կազմակերպություններին:

«Փաստորեն սրանով բոլոր կոնվենցիաները խախտվում են: Մեր կարծիքով, քաղաքաշինությունը Երեւանում, արդեն Ջերմուկում դարձել է դժբախտություն: Բացարձակ հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվում», - ասաց բնապահպանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ պնդում է, որ 15-օրյա ժամկետում լուրջ փորձաքննություն հնարավոր չէ անցկացնել: Նրա կարծիքով` Երեւանում, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում շինարարություն իրակացնելու նպատակով շատ քիչ տարածքներ են մնացել, այդ պատճառով էլ շինարարություն կիրականացվի կանաչ եւ բակային տարածքների հաշվին:

Մշտական հանձնաժողովի նիստում առաջարկներ եղան հետաձգել օրինագծի քննարկումը խորհրդարանի ընդլայնված նիստում, ինչը չընդունվեց: Ի վերջո բնապահպանության նախարարն ու նիստին մասնակցող պատգամավորների գերակշռող մասը համաձայնեցին փորձաքննության համար 15-ի փոխարեն 40-օրյա ժամկետ սահմանել: Օրինագիծը խորհրդարանի ընդլայնված նիստում հավանաբար վաղը կքննարկվի: