Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի տապալման համար «Ժառանգությունը» մեղադրում է խորհրդարանական մեծամասնությանը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը նախատեսող օրինագծի քվեարկությանը չմասնակցելը համարժեք է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հանդեպ նույնատիպ վերաբերմունքին:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այս մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի Պետական անկախության մասին հանրաքվեի 19-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման համար արդեն իսկ առկա են իրավական եւ քաղաքական բոլոր անհրաժեշտ հիմքերը:

«Ինձ համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից նույնքան սկզբունքային է Հայոց ինքնության եւ պետական շահի տեսակետից, որքան Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման միջազգային ճանաչումը», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Նախօրեին Ազգային ժողովում «Ժառանգության» նախաձեռնությամբ ավելի վաղ շրջանառված նախագծի քվեարկությունը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց նախագծին կողմ քվեարկած` ՀՅԴ անդամ պատգամավորներին եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանին, իսկ ինչ վերաբերում է նախագծի «տապալման պատասխանատուներին», «Ժառանգության» առաջնորդը ցավ հայտնեց վերջիններիս վարքագծի կապակցությամբ:

«Անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացը հասնի իր ավարտին մինչեւ Ղարաբաղի անկախության 20-ամյակը: Ոչ թե պատերազմի սպառնալիքի ներքո, այլ իրավական հիմքերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արարքի միջոցով», - նշեց Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի կողմից ԼՂ -ի ճանաչումից հետո այլեւս ի՞նչ հարցեր պետք է ներառվեին բանակցային օրակարգում, Րաֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե իբրեւ այդպիսիք կարող են լինել ԼՂ բնակչության անվտանգության ապահովման, սահմանազատման հետ կապված խնդիրներ: Նույն հարցի համատեքստում, «Ժառանգության» առաջնորդը նաեւ մեկնաբանեց ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովին հաջորդած` պաշտոնական Երեւանի այն գնահատականը, թե «միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին»:

«Ես կարծում եմ, որ այդքան էլ այդպես չէ: Միգուցե Աստանայում լավատեսության որեւէ հիմքեր կան, բայց ես համարում եմ, որ զուտ դիվանագիտական եւ բանակցային արվեստի տեսակետից մենք հերթական փակուղի մտանք», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շատ լավ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ կանի այս նախագծի տապալման համար, ինչու, այնուամենայնիվ, պնդեցիք, որ քվեարկությունը կայանա, չե՞ք կարծում արդյոք, որ սրանով կարող էր վնասվել բանակցային գործընթացը: Լրագրողների այս հարցին ի պատասխան` «Ժառանգության» առաջնորդը հակադարձեց. - «Ընդդիմությունը, հասարակությունը նաեւ այս պետականության մասնիկներն են: Քաղաքական մեծամասնությունը կարող է օրինական, կամ անօրեն ձեւով դարձել է քաղաքական մեծամասնություն, բայց ինքը չէ, որը մենատերն է քաղաքական օրակարգի: Քաղաքականությունը շարժընթաց է եւ փոփոխական է, եւ ոչ մեկը պետք չէ իրեն այնքան ինքնակարեւոր զգա, որ համարի, որ միայն իր ուզածն է, որ պիտի պայմանավորի քաղաքական օրակարգը»:

Ի դեպ, ուրբաթ օրը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով նույն հարցին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ բանը հասել էր հիշյալ նախագծի քվեարկությանը: Եվ քվեարկության անհրաժեշտությունը պնդողները, ե՛ւ դրա հակառակորդները ցուցաբերեցին անխոհեմ համառություն, ասաց Շահբազյանը` հավելելով. - «Բայց այն պարագայում, երբ խնդիրը ներկայացվում էր քննարկման, մենք մեր հերթին այլ լուծում չէինք տեսնում, քան կողմ քվեարկել»: