Էդվարդ Նալբանդյանը Աստանայում հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ

ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Երեկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ավստրալիայի նախկին վարչապետ, արտգործնախարար Քեւին Ռուդի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ռուդը իր երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:

Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկում է կայացել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, Իսրայելի փոխվարչապետը ներկայացրել է մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են կազմակերպության կանոնադրական մարմինների` դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը: