Հանրապետական պատգամավորը «Ժառանգությանը» մեղադրում է ընտրակեղծիքներ կատարելու մեջ

2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններ, քվեարկություն Երեւանի ընտրատեղամասերից մեկում

Խորհրդարանում իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահ է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կհաղթի ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ:
Երեքշաբթի կայացած մամլո ասուլիսին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ 2012-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ավելի շատ ձայներ կհավաքի, Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» եւս կանցնեն խորհրդարան, սակայն «Ժառանգություն»-ը չի կարողանա հավաքել անհրաժեշտ ձայները:

«Թող չնեղանան նրանք, իմ կարծիքով, հնարավոր է, որ այս անգամ «Ժառանգություն»-ը չկարողանա այդքան տոկոս հավաքել, որովհետեւ «Ժառանգություն»-ը այսօր ամեն ինչ տեսնում է սեւ ակնոցներով եւ որեւէ կառուցողական առաջարկներ երկրի վիճակը բարելավելու, բնակչության սոցիալ-կենցաղային վիճակը բարելավելու, նրանց չի հետաքրքրում: Հենց որ մի հարցի մասին խոսում ենք, մի օրինագիծ ենք քննարկում, սկսում են ուղղակի քննադատել գործող իշխանություններին եւ սեւացնել որքան հնարավոր է», - ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը նաեւ «Ժառանգությանը» մեղադրեց խորհրդարանական նախորդ ընտրություններում ընտրակեղծիքներ անելու մեջ` հայտարարելով, որ իշխող կուսակցությունը ընտրակեղծիքների կարիք չի ունեցել եւ չունի:

«Ես Նոր Նորքում երեք անգամ մասնակցել եմ ընտրություններին եւ անընդհատ ականատես եմ եղել, թե ընդդիմությունը ինչպես է ձգտում, «Ժառանգություն»-ը, որ այդպես մեծ-մեծ խոսում է, լցոնումներ անել, խախտումներ անել, կեղծիքներ անել, կամ փող բաժանել եւ այլն», - հայտարարեց պատգամավորը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, արձագանքելով այս պնդումներին, «ծիծաղելի» որակեց դրանք եւ հայտարարեց, որ իշխանությունները «Ժառանգության» դեմ արշավ են սկսել:

«Հանրապետական կուսակցությունը ուղղակի ի ցույց է դնում, որ կա արդեն իսկ հրահանգ «Ժառանգության» դեմ արշավ սկսելու: Հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում, այսպես ասած, ինֆորմացիոն ահաբեկչության համար եւ թող ավելի շատ մտածի` հերթական անգամ ինչ ձեւով է իշխանագողությունը իրականացնելու», - ասաց Սաֆարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ «2007-ին էլ էին նման կանխատեսումներ հնչում, բայց «Ժառանգություն»-ը, չնայած «իշխանությունների համատարած կեղծիքներին, կարողացավ մտնել խորհրդարան»:

Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին է տեսնում ապագա խորհրդարանում: Ըստ նրա` ՀԱԿ-ը նվազագույն շեմը՝ 5-7 տոկոսը եւ ավելին կարող է հաղթահարել:

«Եթե համաձայնվեն, իրենց ստացած տոկոսի համապատասխան որոշակի տեղեր զբաղեցնեն, ասենք 10 տեղ, ՀԱԿ-ը անպայման կարող է մտնել», - ասաց Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ի պատասխան այս հայտարարությանը, ասաց, թե «ՀԱԿ-ը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի իշխանությունը զավթած ընտրակեղծարարների թիմը չկարողանա կեղծել ընտրությունները»:

«Այդ խնդիրը լուծելու պարագայում 5-7 տոկոսը երազանք կդառնա արդեն այդ գործչի եւ նրա ներկայացրած խմբավորման համար: Այս վարչախումբը բացի կեղծելուց, խաբելուց, օրենք խախտելուց ոչինչ ի վիճակի չէ անել», - եզրափակեց Մուսինյանը: