«Հեռուստամարաթոն - 2010»-ի արդյունքը գոհացուցիչ է գնահատվում

«Հեռուստամարաթոն - 2010», Լոս Անջելես, 25-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:

Նվիրատվությունների ընդունումը դեռեւս շարունակվում է, մասնավորապես, SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի եւ դրա շրջանակներում անցկացված ամենատարբեր միջոցառումների շրջանակներում հավաքագրված գումարների մի մասը, բնականաբար, ներկայացվում է իբրեւ խոստում, եւ որոշակի ժամանակահատված է հարկավոր դրամահավաքի ընդհանուր պատկերն ի մի բերելու եւ ամբողջական արդյունքներ ներկայացնելու համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը:

«Հեռուստամարաթոնի ընթացքում հայտարարված գումարը սովորաբար ներառում է արդեն փաստացի արված նվիրատվությունները եւ նվիրատվության խոստումները: Հեռուստամարաթոնի արդյունքում ներառված են բոլոր այն գումարները, որոնք հավաքագրվել են մեր 20 տեղական մարմինների կողմից արդեն իսկ կազմակերպված տարբեր դրամահավաք միջոցառումների արդյունքում. դրանք ներառում են դրամահավաք ճաշկերույթներ, հեծանվարշավ, բարեգործական համերգներ, հեռախոսամարաթոն, ռադիոթոն եւ այլն», - մանրամասնեց Հասմիկ Գրիգորյանը` ամփոփելով. - «Այսինքն` այդ բոլոր գումարները տարվա ընթացքում գալիս են համալրելու հեռուստամարաթոնի արդյունքը»:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար տեղեկացրեց, որ հայտարարված մոտ 21 միլիոն դոլարի գումարի մեջ ներառված են ինչպես մի քանի օր առաջ` նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում գտնվելու ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում խոստացված, այնպես էլ մի քանի այլ միջոցառումների շրջանակներում հավաքագրված նվիրատվությունները. - «Ե'վ ճաշկերույթի գումարը, ե'ւ համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքը, որը արդեն հայտարարվել է եւ կազմում է 1 միլիոն 300 հազար եվրո, ներառված են Լիբանանում, Ուրուգվայում կազմակերպված ռադիոթոնների արդյունքները, բարեգործական համերգի արդյունքը, որը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ջանքերով»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին ի պատասխան, թե Հիմնադրամին տրված խոստումների ո՞ր մասն է սովորաբար իրականություն դառնում, Հասմիկ Գրիգորյանը իբրեւ օրինակ վկայաբերեց անցած տարվա հեռուստամարաթոնի եւ հարակից միջոցառումների արդյունքում ստացված պատկերը. - «Այս պահի դրությամբ, ես գիտեմ, որ 90-ից ավելի տոկոսով նվիրատվության խոստումները իրականություն են դարձել»:

«Հեռուստամարաթոն - 2009»-ի արդյունքում ստացվել էր 15 միլիոն 875 հազար 43 դոլարի նվիրատվություն կամ նվիրատվության խոստում:

Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ով երկար տարիներ հանդիսացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի քարոզչական աշխատանքների համակարգողն ու անձնապես մասնակցել է նախընթաց հեռուստամարաթոնների կազմակերպմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ առնվազն իր աշխատած ժամանակահատվածում հավաքագրվում էր խոստացված գումարների նվազագույն 80 տոկոսը, ինչը, ըստ նրա, համարվում է լավ արդյունք:

«Տարիներ կար, որ հավաքվում էր նույնիսկ 100 տոկոսը, եւ տարիներ կար, որ հավաքվում էր, ասենք, 80 տոկոսը: Ֆանդռեյզինգի [հիմնադրամի հանգանակության] մեթոդաբանության մեջ խոստում տալ` 20 տոկոս իրական չհավաքել` ընդունված բան է», - նշեց Պասկեւիչյանը:

2010 թվականի հեռուստամարաթոնի արդյունքը, Տիգրան Պասկեւիչյանի գնահատմամբ, բավական գոհացուցիչ է` հատկապես հաշվի առնելով նպատակը. - «Այս տարի, ես կարծում եմ, նորմալ, շատ կարգին արդյունք էր, եւ այդ խնդիրը, որ դրված էր, այդ խնդրին համապատասխան իսկապես արձագանք է եղել: Որովհետեւ ջրի խնդիրը իսկապես Ղարաբաղում շատ լուրջ, շատ պրոբլեմատիկ խնդիր է»:

«Հեռուստամարաթոն - 2010» -ի ընթացքում հանգանակված միջոցները ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերին:

Գործունեության 16 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` առավելապես ենթակառույցների` ջրագծերի եւ ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ Հայաստանի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման շրջանակներում իրականացրել է մոտ 200 միլիոն դոլարի ծրագրեր: