Բնապահպանները կոչ են անում դադարեցնել դելֆինարիումի կառուցումը

Հիսուն միջազգային եւ տեղական կազմակերպություններ պատրաստել են մի նամակ, որում դեմ են արտահայտվում Կոմիտասի անվան այգում, Պանթեոնի հարեւանությամբ դելֆինարիում կառուցելու ծրագրին:
Նամակը նրանք հանձնելու են Հայաստանի նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին եւ Երեւանի քաղաքապետին: Ինչպես ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղակացրեց «Էկոդար» հասարակական կազմակերպության ղեկավար Հրայր Սավզյանը, նամակում կոչ է արվում անմիջապես դադարեցնել դելֆինարիումի շինարարությունը:

Հայաստանում առաջին դելֆինարիումը կառուցվում է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ` Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու վերանորոգման ծրագրի շրջանակներում: Նախագծի համաձայն` դելֆինարիումը աշխատելու է ողջ տարին. ամռանը` բացօթյա, իսկ ձմռանը փակվելու է ապակյա ծածկով։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։

«Դելֆինների բանտարկումը այս տարածքում անմարդկային եւ անօրինական արարք է: Բացի այդ Պանթեոնում թաղված են հայազգի նշանավոր եւ աշխարհահռչակ մարդիկ, ինչը դելֆինարիայի կառուցումը այս տեղանքում դարձնում է մշակութային եւ էսթետիկական առումով անհարիր: Մեր տեղեկություններով` կառույցի համար նախատեսվում է Ուկրաինայից Հայաստան բերել չորս շշաքիթ դելֆին, որոնք գրանցված են Ուկրաինայի վտանգված կենդանիների եւ բույսերի Կարմիր գրքում: Մենք միասնաբար դեմ ենք հանրային զվարճության եւ կամ դելֆինների օգնությամբ իրականացվող, այսպես ասած, թերապիայի նպատակով այս կետազգիների որսին ու ազատազրկմանը», - հայտարարեց Սավզյանը:

Բնապահպաններն ահազանգ են հնչեցնում, որ դելֆիններին վտանգ կսպառնա, երբ նրանց իրենց բնական շրջակա միջավայրից փակ միջավայր տեղափոխվեն:

«Անազատության մեջ դելֆինները հաճախ տառապում են խոցերից եւ ագրեսիվ վերաբերմունք դրսեւորում իրենց ցեղակիցների եւ մարդկանց հանդեպ: Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որեւէ այլ ծովային կենդանիների գոյատեւման համար», - ասաց բնապահպանը:

Բնապահպաններին անհանգստացնում է ոչ միայն ծովային կենդանիների ներկրումը, այլեւ այն, որ դելֆինարիումի շինարարությունը սկսվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ հասարակական լսումների:

«Սա ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոնվենցիային, քանի որ կառույցի համար օգտագործվելու է մաքուր խմելու ջուր, եւ վերջապես մեզ հիասթափեցրել է այն փաստը, որ նախագիծն իրակականցնելու թույլտվություն է տրվել «Ներում» ընկերությանը, որի գործունեությունը Ուկրաինայիում խիստ կասկածելի է եւ հավանաբար, անգամ ապօրինի», - հայտարարեց Սավզյանը:

Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ դելֆինարիումը նաեւ ծառայելու է որպես դելֆինաթերապիայի կենտրոն, ապա Armenian Enviromental Network-ի գործադիր տնօրեն Սերդա Էօզբալյանի խոսքով` դելֆինաթերապիայի միջոցով բուժումը բացարձակ ճանաչված չէ:

Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Հովիկ Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Այս պահին մենք նախարարությունում ունենք տնտեսվարողից ստացված ընդամենը դիմում, որը թույլտվություն է խնդրում սահմանված կարգով դրսից ներկրելու դելֆիններ: Սահմանված կարգով արդեն հետագայում կհստակեցվի` դրա հետ կապված ինչ փաստաթղթեր, որ անհրաժեշտ լինեն, դրանք բոլորը կապահովվեն: Ինչ վերաբերում է դելֆինների Հայաստանում ադապտացիա լինելու , համոզված եղեք, որ այնտեղից, որտեղից ուղարկում են, արդեն սանիտարական եւ բուժական բոլոր էտապներով անցկացվելիք եզրակացություններն են լինելու, եւ թե մեր մասնագետների կարծիքը»:

Բնապահպանության տեսչության պաշտոնյան հաստատեց, որ դելֆինարիումի համար ծովային կաթնասունների ներկրման թույլտվությունն իրենք տվել են: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք թույլտվություն տալու փաստով իսկ կարելի է ասել, որ այդ կենդանիների կյանքը Հայաստանում վտանգված է, Հունանյանը պատասխանեց. - «Ես կարող եմ պատասխանել, որ վերահսկողությունը կապահովվի մեր գործող օրենսդրության եւ կենդանիների պահպանության համար: Ինչ վերաբերում է ավելի մանրամասն, իրենք ադապտացիա եղած են, թե` ոչ, երեւի պետք է հարցնել անմիջապես դելֆինների հետ կապված մասնագետների, որոնք ավելի մանրամասն կպատասխանեն»: