Հայաստանը ակնկալում է մինչեւ տարեվերջ ԵՄ վիզային ռեժիմի մեղմացման մանդատ ստանալ

Հայաստանը ակնկալում է մինչեւ տարեվերջ ստանալ Եվրամիության երկրներ վիզային ռեժիմի մեղմացման գործընթացը սկսելու մանդատը:Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:

Վիզային ռեժիմի մեղմացումը նախատեսվում է Արեւելյան գործընկերության ծրագրով, որի անդամ են նախկին խորհրդային 6 երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան:

«Պաշտոնական Բրյուսելը մեզ խոստացել է, որ մինչեւ այս տարվա վերջ Եվրամիության խորհրդի կողմից մանդատը կստանանք` սկսելու վիզաների տրամադրման դյուրացման գործընթացը: Դա կլինի առաջին փուլը, որի մեջ մտնում է, օրինակ, ուսանողների խմբի կամ պրոֆեսորների, դասախոսների, գործարարների գնալը, որ նրանք ավելի դյուրին գործընթացով վիզա ստանան», - ասաց Ղազինյանը:

Այնուհետեւ, ըստ Կարինե Ղազինյանի, կսկսվի վիզային ռեժիմի մեղմացման երկրորդ փուլը՝ ազատականացման փուլը, որի արդյունքում ավելի կհեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ: Կարինե Ղազինյանի կանխատեսմամբ ողջ գործընթացը առնվազն 5 տարի կպահանջի:

«Դա, իհարկե, մի քիչ երկար կտեւի, որովհետեւ խոչընդոտներ կան, բայց ես կարծում եմ` այն իր փուլով գնում է»:

Ըստ Ղազինյանի` գործընթացի տեւողությունը կախված է նաեւ նրանից, թե Հայաստանը ինչպես կկատարի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: