Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքով բանակում վերջին սպանությունները «ռազբորկա»-ի արդյունք են

Արկադի Տեր-Թադեւոսյան

Ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ղարաբաղում, ինչպես նաեւ Ճամբարակում տեղի ունեցած միջադեպերին, որոնց արդյունքում սպանվեցին 5 զինծառայողներ, իսկ 4-ը ստացան հրազենային վնասվածքներ:
«Այնտեղ երկու դեպքում էլ զինվորների միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Ադրբեջանական կողմն այստեղ մեղավորություն չունի: Ավելին կասեմ` մեզանում նմանատիպ դեպքեր եղել են, եւ դրանք մշտապես բարդվել են ադրբեջանական կողմի վրա», - ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Երկու օրվա ընթացքում 5 զինծառայողների սպանությունը գեներալ-մայորն անվանում է «ողբերգություն», եւ նշում, որ պետք է հասկանալ, թե որոնք են նմանատիպ միջադեպերի պատճառը, ոչ թե ասել, թե ամեն ինչ լավ է բանակում:

Ղարաբաղյան պատերազմի վետերանի համոզմամբ, նմանատիպ միջադեպերը պատահականորեն տեղի չեն ունենում, դրանք նախ հասունանում են:

«Ի՞նչ է, այնտեղ մարդ չկա՞ր, չէ՞ին տեսնում ինչ էր կատարվում», - հարցնում է Արկադի Տեր-Թադեւոսյանը` անդրադառնալով Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպին:

Գեներալ-մայորը կարծիք հայտնեց, թե հրամանատարները ոչ թե փորձում են գոյություն ունեցող թերությունները լուծել, այլ հակառակը` փորձում են ամեն ինչ թաքցնել:

«Դե գիտեք` հրամանատարը չի ուզում իր թերությունները ցույց տա: Մեր համակարգում, մեր հասկացողության մեջ թերության համար իրենց էլ են պատժում: Իրենք` հրամանատարները, վախենում են», - ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանի համոզմամբ, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել բանակում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա արել է, օրինակ` Իսրայելի բանակը: Նրա խոսքով` անհրաժեշտ են հոգեբաններ, մանկավարժներ, պետք է զինվորներին ադապտացնել զինվորական կյանքին, նրանց կյանքը ճիշտ կազմակերպել: