Երկօրյա համաժողով Երեւանում` ընտրական օրենսդրության խնդիրների վերաբերյալ

Your browser doesn’t support HTML5

Երկուշաբթի օրը Երեւանում սկսված ընտրական օրենսդրության վերաբերյալ երկօրյա համաժողովին մասնակցող միջազգային կազմակերպությունների եւ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները համոզված են, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար լավագույն երաշխիքը քաղաքական կամքն է:

Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովը կազմակերպել էին Հայաստանում ներկայացված մի շարք միջազգային կազմակերպությունների` ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Եվրամիության, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչությունները եւ Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նոյեմբերի 22-ի քննարկման հիմնական թեմաններն էին ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը, ընտրական վարչարարությունը, քաղաքական ֆինանսավորումը և քարոզարշավը, վարչական ռեսուրսների օգտագործումը:

Համաժողովին մասնակցում էին հայաստանյան տարբեր հասարակական կազմակերպությունների և ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Մասնակցությունից հրաժարվել էր միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իրենց հիմնավորումները գրավոր նամակով ուղղել էր կազմակերպիչներից միայն մեկին` Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի ղեկավար Մայքլ Գետոյին` առաջարկելով ելույթի փոխարեն ընթերցել մերժման բացատրությունը:

Բացատրությունը չընթերցվեց համաժողովում, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց` ցավալի է, որ Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում համագործակցել ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը որոշակի առաջարկություններ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

«Մենք անպայման անդրադառնալու ենք նաեւ առաջարկություններին, սակայն եթե նրանք այսօր մասնակցեին, կարծում եմ` շատ արդյունավետ կլիներ», - ասաց Հարությունյանը:

ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել քննարկմանը, քանի որ, իրենց պատճառաբանությամբ, իշխանությունների հետ երկխոսություն կամ համագործակցություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ազատ արձակվեն «բոլոր քաղբանտարկյալները և իրական առաջընթաց գրանցվի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ»:

«Այս քննարկումը միայն պատրանք ստեղծելու միջոց է, իսկ արդար ու թափանցիկ ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել գործող, անգամ պակասավոր օրենսգրքով, դրա համար անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է», -ասված է Լևոն Զուրաբյանի նամակում:

Միջազգային տարբեր կազմակերպություններ նույնպես կարծում են, որ հրատապ չէ ընտրական օրենսդրության փոփոխությունը, սակայն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շեշտեց դրա անհրաժեշտությունը:

«Վստահ եմ, որ արժե եւ հետեւյալ պատճառներով` նախորդ տարիներին մենք բավարար ուշադրություն չենք դարձրել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ այնպիսի գործոնների, ինչպիսիք են ընտրական պրոցեսի մասնակիցների փոխվստահությունը եւ հասարակության ընտրական կուլտուրայի մակարդակը»:

ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր ելութում ընդգծեց, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է աջակցել Հայաստանին թափանցիկ, ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ ընտրական գործընթաց ձևավորելու գործում, ինչը շատ կարևոր նշանակություն ունի ազգի ապագայի համար:

Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները, ինչպես նաև արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց տեսակետները հայտնեցին համաժողովում քննարկված թեմաների շուրջ: Ոմանք կողմ էին, որ ընտրական բոլոր հանձնաժողովները լինեն ոչ կուսակցական, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը դեմ էին կոալիցիոն ուժերի ներկայացրած տարբերակին և առաջարկում էին, որ բոլոր հանձնաժողովները ձևավորեն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը` 50-50 համամասնությամբ:

Ոմանք վարչական ռեսուրսների օգտագործումը կանխելու նպատակով առաջարկում էին, որ պաշտոնյաները, այդ թվում նաև բարձրաստիճան, քարոզարշավի ժամանակ հրաժարական տան, ոմանց կարծիքով` թեկուզ ոչ ակնհայտ քաղաքական նպատակներով իրագործվող բարեգործությունը պետք է արգելվի: Հնչեց տեսակետ նաև, որ տնտեսվարող սուբյեկտներն ընդհանրապես չպետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին:

Համաժողովը կշարունակվի ու կավարտվի նոյեմբերի 23-ին, իսկ հանրային քննարկումները շարունակվելու են, անցկացվելու են նաև խորհրդարանական լսումներ: Հաջորդ տարվա գարնան սկզբին օրինագիծը պետք է քննարկվի խորհրդարանում, ապա ուղարկվի Վենետիկի հանձնաժողովի դատին: