Ադրբեջանում բանտարկված բլոգերներից մեկը ազատ արձակվեց

Այսօր ազատ է արձակվել Ադրբեջանում բանտարկված երկու բլոգերներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Բաքվի վերաքննիչ դատարանը վճռել է Ադնան Հաջիզադեին ազատ արձակել սահմանված պատժի` երկու տարվա ազատազրկման կեսը կրելուց հետո:

Հաջիզադեին եւ ադրբեջանցի մեկ այլ բլոգերի` Էմին Միլիին մեղսագրվող հանցանքը խուլիգանությունն է: Բլոգերները, սակայն, պնդում են, որ անցած տարվա հուլիսին ռեստորանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հենց իրենց վրա էին հարձակվել առանց որեւէ պատճառի, եւ որ իրենց ազատազրկումը ընդդիմության ակտիվիստներին զգուշացնելու նպատակ ուներ:

Հաջիզադեն այսօր հույս է հայտնել, որ շուտով ազատ կարձակվի նաեւ Միլին, որի նկատմամբ սահմանված պատիժը երկուեւկես տարվա ազատազրկումն է:

Ադրբեջանցի բլոգերների ազատազրկումը միջազգային հանրության կտրուկ հակազդեցությանն էր արժանացել: