«Հայրենիքի գույները» Հայաստանի բնության պետական թանգարանում

Տարածաշրջանում եզակի համարվող Հայաստանի բնության պետական թանգարանում չորեքշաբթի օրը բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի «Հայրենիքի գույները» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
Գեղանկարչի կտավները բոլորովին թարմ են, նա դրանք ստեղծել է Հայաստանի հարավային շրջաններում` Սյունիքում, նաեւ Լեռնային Ղարաբաղում կատարած մեկամսյա շրջագայությունից հետո:

Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը կարծում է, որ ցուցահանդեսը համահունչ է Հայաստանի բնությանն ու թանգարանին:

«Այդ պատճառով էլ նախընտրեցինք այս ցուցահանդեսը կազմակերպել մեր տարածքում», - ասաց Ղազարյանը:

Թանգարանը ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսներ է կազմակերպում` հիմնականում ներկայացնելով այն գեղանկարիչների աշխատանքները, որոնց կտավներում մեծ տեղ է գրավում Հայաստանի բնաշխարհը:

Նիկոլ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր մեկամսյա աշխատանքի ընդամենը մեկ մասն է ներկայացված այս ցուցահանդեսում: Պատասխանելով այն հարցին, թե նա ինչպես է գնահատում Հայստանի բնության վիճակը, Աղաբաբյանը ասաց. - «Հայաստանի բնության վիճակը շատ ավելի լավ է, քան մեր ժողովրդի վիճակը, բայց բնությունը անպայման խնամքի կարիք ունի մեր»:

Աղաբաբյանը դժգոհեց հայ պաշտոնյաների` բնության նկատմամբ անտարբեր վերաբերմունքից, նշելով, որ «ամեն մեկը իր համար որսաթաղեր է սարքել եւ ինչ ուզում անում է»:

«Անտառները հատում են, դա մի մեծ ողբերգություն է, դժբախտաբար, մեր պետական այրերի մասնակցությամբ է լինում: Եթե այդքանը հասկանային, կարգելեին: Հիմնականում «տերեր» կոչվածները պետական այրերն են կամ ինչ-որ կերպ առնչվում են», - ասաց Աղաբաբյանը:

Գեղանկարչի կարծիքով` խնդրի լուծումը այն կլինի, որ պետական այրերը ավելի շատ սիրեն երկիրը եւ ժողովրդին: