Ազատության հրապարակում գործող տոնավաճառը` կրկին ընդդիմության հանրահավաքը մերժելու պատճառ

Քաղաքապետարանը մերժել է նոյեմբերի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու՝ ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության դիմումը այն հիմնավորմամբ, որ այս տարածքում անհատ ձեռնարկատերերը շարունակում են գրքերի, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որին անդամակցում է Հայոց համազգային շարժումը, շուրջ 3 տասնյակ իրազեկումներ է ներկայացրել քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանը մերժել էր նախորդ դիմումները, նշելով, որ դեռ սեպտեմբերի 22-ին մի շարք ձեռնարկատերեր դիմել էին քաղաքապետարանին` խնդրելով թույլ տալ մինչեւ նոյեմբերի 25-ը Ազատության հրապարակում վաճառել իրենց աշխատանքները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել նոյեմբերի 26-ին հանրահավաք անցկացնելու դիմումը, Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ձեռնարկատերերի խնդրանքով Ազատության հրապարակում տոնավաճառի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը:

«Եթե ամսի 5-ից հետո ուրիշ միջոցառում չլինի, անպայման իրենց [ընդդիմությանը] թույլ կտրվի հանրահավաք անցկացնել», - նշեց Բաղդասարյանը` չբացառելով, սակայն, որ տոնավաճառի ժամկետը կարող է կրկին երկարաձգվել: - «Հնարավոր է, որ այլ միջոցառում նախատեսված լինի», - նաեւ հավելեց քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրենքով սահմանված կարգով քաղաքապետարանը պարտավոր է իրենց որեւէ այլ օր առաջարկել, երբ Ազատության հրապարակում զանգվածային միջոցառման համար խնդիրներ չեն լինի:

«Մենք ցանկանում ենք սպառել բոլոր հնարավորությունները, ցանկանում ենք մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը ապացուցել, որ Ազատության հրապարակի փակելը հանրահավաքների համար ուղղակի ապօրինի քաղաքական որոշում է, որի համար կիրառվում են ծիծաղելի արդարացումներ», - հայտարարեց Զուրաբյանը` հավելելով. - «Մեր համբերությունը անսպառ չէ: Այն պահին, երբ որ նպատակահարմար համարենք, մենք ուղղակի ժողովրդով գնալու ենք եւ անցկացնենք հանրահավաքը Ազատության հրապարակում»: