Թայլանդը ԱՄՆ-ին հանձնեց զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրվող Վիկտոր Բուտին

Թայլանդը այսօր Միացյալ Նահանգներին է հանձնել ռուս ձեռներեց, զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրվող Վիկտոր Բուտին։ Վերջինս ձերբակալվել էր Բանգկոկում 2008 թվականին` Թայլանդի եւ Միացլալ Նահանգների հատուկ ծառայությունների իրականացրած համատեղ գործողությունների արդյունքում։

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, թե նախկին Խորհրդային Միության օդուժի սպա Բուտը 1990-ականներից ի վեր զենք-զինամթերք է մատակարարել Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի բռնակալներին ու ահաբեկչական խմբավորումներին։ Ինքը` 43-ամյա Բուտը, հերքում է ներկայացված մեղադրանքները։

Միջադեպի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը «ապօրինի» է որակել Բուտի հանձնումը ամերիկյան իշխանություններին եւ պնդել է, թե Թայլանդն այդ քայլին գնացել է Վաշինգտոնի ճնշման ներքո: