Փաշինյանի վկայությամբ` իր պահման ռեժիմը խստացվել է

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր պահման ռեժիմը խստացվել է:

Նրա վկայությամբ` քրեակատարողական հիմնարկը իրեն տեղյակ է պահել, որ անվտանգության հետ կապված խնդիրներ կան` մտավախություն ունեն, որ չեն կարող ապահովել իր անվտանգությունը, եւ իրեն առաջարկվել է ժամանակավորապես` 3 օրով առանձին խցում մնալ:

«Ես համաձայնեցի, բայց պայմանով, որ ռեժիմը չխախտվի», - ասաց Փաշինյանը` հավելելով, սակայն, որ քրեակատարողական հիմնարկը դրժել է իր խոստումը, եւ այժմ ինքը խցից դուրս գալու, զանգահարելու կամ արտաքին աշխարհի հետ որեւէ այլ կապ հաստատելու հնարավորություն չունի:

«Իմ ռեժիմը փաստացի խստացվել է», - ամփոփեց նա:

Փաշինյանը առանձին խուց է տեղափոխվել կիրակի օրվանից:


Ռուզաննա Ստեփանյան