Մեկնարկել է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը

Your browser doesn’t support HTML5

Երեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանում Եվրամիության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմամբ ազդարարվեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման 30 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլի համար անհրաժեշտ 15 միլիոն եվրո գումարը տրամադրել են եվրոպական աղբյուրները. 5 միլիոն եվրո արժողության դրամաշնորհ է հատկացվել Եվրամիության Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական Ներդրումային բանկի կողմից, ինչպես նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից:

«Առաջին տրանշի մեջ ամբողջությամբ ընդգրկված են անվտանգության միջոցառումների ֆինանսավորումը` գնացքի, սայլակների եւ անվտանգության խնդիրներին առնչվող տարբեր տեսակի միջոցների ձեռք բերման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը:

Մետրոյի վերականգնողական նախագծով նախատեսվում է շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում:

Ծրագրի առաջին փուլի աշխատանքները նախատեսված է ավարտել 2013 թվականին:

«Բանակցություններ ենք վարում նաեւ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ: Խնդիրներ ունենք արդեն գործող մետրոյի շրջանակներում նոր կայարաններ բացելու ուղղությամբ», - նշեց քաղաքապետի խորհրդականը` տեղեկացնելով, որ ծրագրվում է Երիտասարդական կայարանի նոր մուտք բացել Աբոյան եւ Սայաթ Նովա փողոցների խաչմերուկին հարող հատվածում:

Մետրոպոլիտենի հետագա զարգացման հիմնական ուղղվածությունը, Աշոտ Մնացականյանի խոսքով, դեպի Աջափնյակի ուղղությամբ նոր կայարանների բացումն է: Որպես հեռանկարային ծրագիր նաեւ նախատեսված է մինչեւ 2020 թվականը Կոմիտաս փողոցի ուղղությամբ ընդլայնումը:

«Չնայած ուղեւորահոսքերի աճի միտումներին, ասել, որ մետրոն լուրջ դերակատարում ունի մայրաքաղաքի ուղեւորափոխադրումների մեջ, դեռ վաղ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքապետի խորհրդականը: