Գյուլը վստահ չէ, որ մինչեւ 2025-ը Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը

Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում, արխիվային լուսանկար

Թուրքիայի նախագահը չի բացառում, որ 15 տարի անց էլ իր երկիրը Եվրամիության լիիրավ անդամ չի լինի:
«Արդյո՞ք մինչեւ 2025 թվականը Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը», - BBC-ի լրագրողի այս հարցին ի պատասխան` Աբդուլա Գյուլն ասել է. - «Վստահ չեմ, քանի որ բանակցային գործընթացի ավարտին որոշ երկրներում դեռ պետք է հանրաքվեներ կայանան: Չի բացառվում, որ հենց թուրք ժողովուրդը չցանկանա անդամակցել Եվրամիությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ու տնտեսական զարգացումներն աշխարհում միանգամայն այլ կերպ կարող են ընթանալ: Բայց մի բան մեզ համար շատ հստակ է` մենք անելու ենք ամեն ինչ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար: Մենք կատարելու ենք այն բոլոր պահանջները, որ անհրաժեշտ են դրա համար: Բայց ես ազնվորեն պետք է խոստովանեմ` համոզված չեմ, որ Եվրամիությունը նույնն է անելու: Ես տեսնում եմ, որ բանակցությունների ընթացքում շատ արհեստական ու անազնիվ խոչընդոտներ են հարուցվում»:

Հարցազրույցի ընթացքում բրիտանացի լրագրողը հիշեցրել է Գյուլին, որ վերջին հարցումների համաձայն` եվրոպացիների միայն 16 տոկոսն է ցանկանում Թուրքիան տեսնել Եվրամիության կազմում: «Ինչո՞ւ է եվրոպական քաղաքական վերնախավը կտրականապես դեմ հանդես գալիս Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին», - այս հարցին Գյուլը բավական կոշտ պատասխան է տվել. - «Նրանք զուրկ են ռազմավարական մոտեցումից: Այդ մարդիկ չեն ցանկանում կենտրոնանալ Եվրոպայի ապագայի վրա, չեն մտածում` ինչ է լինելու եվրոպական աշխարհամասի հետ 20, 40 կամ 70 տարի հետո: Քաղաքական այդ ուժերն առավելապես հետաքրքրված են կոնյունկտուրային, ներքին խնդիրներով»:

Գյուլը նաեւ հերքել է իր երկրին ամենից հաճախ ներկայացվող մեղադրանքներից մեկը, թե Թուրքիայում ոտնահարվում է խոսքի ազատությունը:

«Ձեր երկրում օրենքներն այնքան մանրակրկիտ կերպով են գրված, որ լրագրության մի շարք ձեւեր, որ լայնորեն ընդունված են ժողովրդավարական Եվրոպայում, Թուրքիայում պարզապես անհնարին են դառնում», - նշել է BBC-ի լրագրողը, ինչին Աբդուլա Գյուլը հակադարձել է. - «Ինչպե՞ս ենք մենք սկսել բանակցությունները Եվրամիության հետ: Դրանց մեկնարկից առաջ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Թուրքիան համապատասխանում է Կոպենհագենյան քաղաքական չափանիշներին: Դրանցից առանցքայինը ազատ մամուլի, խոսքի ազատության առկայությունն է: Հակառակ պարագայում անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը անհնարին կլիներ»: