Դատախազությունը բողոքարկել է սպա Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը

Հայաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ:
Վարդան Մարտիրոսյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, ստիպել էր զինծառայողներին իրենց անուններով վարկեր վերցնել, սակայն զինվորները չէին կարողացել դրանք վերադարձնել: Իրականությունը պարզվել էր եւ գումարներ հավաքող հրամանատարը ձերբակալվել էր: Նույն զորամասի գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը զինվորներից շորթել էր մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու համար:

Ձերբակալված սպաները անցած շաբաթավերջին դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց:

Մարտիրոսյանի եւ Կարապետյանի նկատմամբ դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը ընթացքի մեջ է: