Վրաստանի եւ Իրանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու փաստաթուղթ ստորագրվեց

Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, Թբիլիսի, 3-ը նոյեմբերի, 2010թ.

Չորեքշաբթի երեկոյան Իրանի ու Վրաստանի արտգործնախարարները Թբիլիսիում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Այս մասին հայտարարվել է նրանց հանդիպումից անմիջապես հետո։

Մամուլի համատեղ ասուլիսում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ասել է, թե դա շատ կարեւոր փաստաթուղթ է, որը հարեւաններին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու առանց սահմանների ու միացնում է երկու ժողովուրդներին։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ Վրաստանը ձգտում է վիզային ազատ ռեժիմ ունենալ բոլոր հարեւանների հետ, ավելի վաղ նույնատիպ համաձայնագիր էր ստորագրվել Թուրքիայի հետ։

Վաշաձեն հայտարարել է, թե Վրաստանը եւ Իրանը մեծ թռիչք են կատարել տնտեսական համագործակցության ոլորտում: Նա ասել է, թե իրանցի զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 170 տոկոսով, երկկողմ առեւտուրը աճել է 63 տոկոսով: «Սա դեռ սկիզբն է, վիզային ազատ ռեժիմը ավելի կբարձրացնի այս ցուցանիշները», - ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Նա դրական է գնահատել երկկողմ համագործակությունը Վրաստանի համար, Իրանի համար, տարածաշրջանի եւ ընդհանուր առմամբ քաղաքական մթնոլորտի համար:

Մանուչեհր Մոթաքին հանդիպումը կառուցողական եւ արդյունավետ է գնահատել։ Նա ասել է, որ երկկողմ հարաբերություններից բացի` քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։

Մոթաքին ասել է, թե Իրանը պատրաստ է կառուցողական դերակատարություն ունենալ Կովկասի հակամարտությունները լուծելու հարցում։

«Կովկասի կայունությունը շատ կարեւոր է մեզ համար: Այդ թեման բավականին զգայուն է Թեհրանի համար, եւ մենք պատրաստ ենք մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Մանուչեհր Մոթաքին ասել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գլխավոր սկզբունքն է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության համար, եւ ընդգծել, որ տարածաշրջանում բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով` պաշտոնական Թեհրանը գտնում է, որ անվտանգությունը, էներգետիկան եւ տրանզիտը այն անկյունաքարերն են, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանի կայունությունը։ Վաշաձեն շնորհակալություն է հայտնել իրանցի պաշտոնակցին Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Համատեղ ասուլիսում անդրադարձ է կատարվել նաեւ Իրանի միջուկային ծրագրի խնդիրներին։ Պատասխանելով արտասահմանյան լրագրողների հարցին` Մոթաքին ասել է, որ Իրանը պատրաստ է շարունակել 6+1 ձեւաչափով բանակցությունները, ճշտվում են հանդիպման անցկացման վայրն ու ժամկետները:

Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը` որպես միջակային զենքի չտարածման պայմանագրի անդամ, ամբողջովին իրավունքներ ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով։

Իրանի արտգործնախարարը հինգշաբթի օրը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ինչպես նաեւ մեկնելու է Բաթումի։ Իրանը Սեւ ծովի ափին գտնվող Բաթումի քաղաքում հյուպատոսություն է բացում, եւ Մոթաքին ներկա է լինելու հյուպատոսության բացման արարողությանը։

Նոյեմբերի 2-ին էլ 10 տարվա ընդմիջումից հետո բացվեց Թբիլիսի - Թեհրան ավիաչվերթը։ Վրացական Georgian Airways ավիաընկերությունը թռիչքներն իրականացնելու է շաբաթական երկու անգամ։