Պանրի թանկացումը «օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ»

Your browser doesn’t support HTML5

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող պանրի թանկացումը օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ եւ կամայական որոշման արդյունք է, կարծում է «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ձեռնարկությունները եւ ձեռնարկատերերը, ցանկանալով հնարավորինս բարձրացնել, անվերահսկելի ու անպատժելի լինելու պայմաններում են դա արել», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արմեն Պողոսյանը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղական արտադրության պանիրները երեւանյան խանութներում, տարբեր գնահատականների համաձայն, թանկացել են 30-60 տոկոսով:

Անցած ուրբաթ «Ազատություն» ռադիոկայանի hետ զրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը որպես պատճառ բերել էր կաթի արտադրության ծավալների նվազումը, դրա հետեւանքով` կաթի գնի աճը, նշելով, որ
մեկ լիտր կաթի մթերման գինը այժմ տատանվում է 150-160 դրամի սահմաններում:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, պանրի գնի աճը պայմանավորված է տնտեսության կենտրոնացմամբ, մոնոպոլիաների դիրքերի ուժեղացմամբ, որի հետեւանքով մրցակցությունը քչանում է, գները` բարձրանում:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Բագրատյանն ասաց, որ իրենք հատուկ ուսումնասիրություն են անցկացրել` հասկանալու, թե ինչո՞ւ է թանկացել պանիրը:

«Թարմ կաթի մթերումը իրոք թանկացել է որոշ տեղերում: Արարատյան դաշտում, օրինակ, 100 դրամի փոխարեն 120 դրամ է: Հյուսիս-արեւելքի տարածաշրջանում կամ հարավում, ինչպես որ կար` 90-95 դրամ, այդպես էլ մնացել է: Եվ ուրեմն, գուցե խնդիրը մեկ այլ ապրանքի մեջ է` պանրի փոշի: Մենք շուկայում չգտանք պանրի փոշու գնի էական բարձրացում: Այնուամենայնիվ, եթե 7 կիլոգրամ թարմ կաթ եք օգտագործում` ստանալով 1 կիլոգրամ պանիր, թող ձեր պանիրը թանկանար 140 դրամով», - իր հաշվարկները ներկայացրեց նախկին վարչապետը` հարցնելով, թե այդ դեպքում ինչպե՞ս է բացատրվում այն, որ 1 կիլոգրամ պանրի գինը աճել է` 1500 դրամից հասնելով 2500-ի:

«Մենք տեղեկություն ունենք, որ փորձ է գնում մոնոպոլիզացնել կաթի փոշու ներմուծման շուկան: Ես չեմ ասում` կաթի թանկացումը դեր չի ունեցել, բայց ավելի կարեւոր է հենց այս հանգամանքը», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Չորեքշաբթի օրը պանրի հարցին անդրադարձան նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց ուսումնասիրությունն իրականացնել` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:

«Սպառողների ասոցիացիա» կազմակերպության նախագահը, սակայն, թերահավատ է հանձնաժողովի ձեռնարկած քայլերի վերաբերյալ: - «Եթե նույն ապրանքատեսակի գինը միաժամանակ եւ տարբեր տեղերում թռիչքաձեւ բարձրացել է առանց օբյեկտիվ պատճառների, դա պետք է լինի արդեն հիմք, որպեսզի այդ ձեռնարկությունները ուսումնասիրության առարկա դառնան», - համոզմունք հայտնեց Արմեն Պողոսյանը: