«Վստրեչի» կամուրջը վերաբացվեց

Your browser doesn’t support HTML5

Չորեքշաբթի օրը փողային նվագախմբի հնչյունների ներքո Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կտրեց կարմիր ժապավենը, եւ շուրջ երկու տարի փակ մնալուց եւ հիմնովին վերանորոգվելուց հետո Գարեգին Նժդեհի ուղետար կամուրջը պաշտոնապես բացվեց:

«Ամբողջովին նոր կամուրջ է կառուցվել», - հայտարարեց քաղաքապետը` անցնելով նորաբաց կամրջի մի ծայրից մյուսը:

Կամուրջը շահագործման է հանձնվել շուրջ 45 տարի առաջ եւ երբեւէ հիմնովին վերանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետի խոսքով, ամբողջովին փոխվել է կամրջի թռիչքային մասը, ամրացվել է հեծաններով: Այժմ այն նախկին 7-ի փոխարեն 9 բալ սեյսմակայունություն ունի, նախկին 30-ի փոխարեն` 70 տոննա կրողունակություն, նոր բազրիքներ ու լուսավորում:

Գարեգին Նժդեհի ուղետար կամուրջը վերանորոգման նպատակով փակվեց անցյալ տարվա փետրվարի 25-ից եւ մինչեւ 2009թ-ի հոկտեմբեր այն պետք է վերաբացվեր: Սակայն մրցույթում հաղթող ճանաչված «Գրիար» ընկերությունը, հեծանների ծածկի քանդման աշխատանքները կատարելիս պարզեց, որ ուղետարի առկա վիճակը չի համապատասխանել 2007թ. կատարված հետազոտման եւ փորձարկման արդյունքներին եւ աշխատանքները դադարեցվեցին: Պատվիրվեց ուղետարի նոր հետազննում եւ պարզվեց, որ անհրաժեշտ է այն հիմնովին վերակառուցել: Այս տարվա փետրվարին հայտարարվեց նոր մրցույթ, որտեղ հաղթեց «Կամուրջշին» ընկերությունը:

Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններն իրար միացնող, «Վստրեչի» կամուրջ անունով առավել հայտնի Գարեգին Նժդեհի ուղետար կամրջի վերակառուցման ծախսը կազմել է 1 մլրդ 800 մլն դրամ: