Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում

Արդեն 7-րդ տարին անցկացվող «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շարքն այս անգամ ընդգկրում էր ոչ միայն Երեւանը, այլեւ Գյումրին, Իջեւանը եւ Վանաձորը: Հոկտեմբերի 25-31-ը սեմինարներ եւ դասընթացներ են անցկացրել տարբեր հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Մեծահասակների կրթության շաբաթվա քննարկումների հիմնական թեմաներն են եղել մասնագիտական կողմնորոշումը, տնտեսական մրցունակության կապը ուսուցման հետ, սոցիալական գործընկերությունը, էլեկտրոնային ուսուցումը եւ այլ արդիական հարցեր:

«Այս նախաձեռնության հիմնական նպատակն է Հայաստանում տարածել մեծահասակների կրթության գաղափարը, քայլեր ձեռնարկել դրա արդյունավետության, կիրառելիության, օրենսդրական հիմունքների ձեւավորման համար», - նշեց «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպության նախագահ Արեւիկ Սարգսյանը` ավելացնելով, որ նմանատիպ միջոցառումների կարիքը հատկապես զգացվում է մարզերում, քանի որ այնտեղ կա տեղեկատվության խիստ պակաս, մարդիկ տեղյակ են միայն ավանդական ուսուցման ձեւերին:

Հայաստանում Եվրոպական քոլեջ-հիմնադրամի տնօրեն Սամվել Պիպոյանի կարծիքով` «մենք այսօր ունենք օրենսդրական բաց», որը վերաբերում է ոչ ֆորմալ կրթությանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի ներքին որակի ապահովման բաժնի ղեկավար Լուիզա Միլիտոսյանի փոխանցմամբ` մարդկանց պետք է բացատրել, որ մասնագիտությունը ողջ կյանքի համար չէ , այն ցանկացած պահի կարելի է վերանայել եւ հարմարվել աշխատաշուկային: