Վարչական դատարանը վարույթ չընդունեց «Մարտի 1»-ի հետ կապված հայցը

Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ:

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում տուժած այս քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել Հայաստանի նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների խախտման փաստը:

Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց փաստաբան Վահե Հովսեփյանը, Վարչական դատարանը մերժել է հայցը վարույթ ընդունել` հիմնավորելով, որ նախ այս քաղաքացիները կարող էին ավելի վաղ` դեպքերից անմիջապես հետո սահմանված ժամկետներում դիմել դատարան եւ վիճարկել այդ գործողությունների իրավաչափությունը: Երկրորդ հիմնավորումն այն է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի այն մասը, որը իր հայցադիմումում վկայակոչել է դիմող կողմը, այս դեպքում չի կարող կիրառելի լինել:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատարանի հիմնավորումները որակեց «ձեւական»` հայտարարելով. - «Իշխանությունը իր մեջ ուժ չգտավ, համարձակություն չգտավ` պետական կառավարման այդ ուժային մարմինների գործողությունների իրավաչափությունը իրենց հսկողության տակ գտնվող Վարչական դատարանում հրապարակային քննություն կատարելու: Վախեցան վարույթ ընդունել, որովհետեւ խնդրի քննարկումը իրենց համար մահացու վտանգ է ներկայացնում»:

Ջհանգիրյանը հիշեցրեց, որ հայցադիմումում նաեւ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի սահմանադրականությունն էր վիճարկվում, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանի մասին էր խոսվում, ուստի, ըստ Ջհանգիրյանի, գործի հրապարակային քննությունը ցույց կտար, որ «այդ բոլոր մարմինները` հանրապետության նախագահից սկսած, Ոստիկանությունից, Պաշտպանության նախարարությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, որեւէ օրինական հիմք չեն ունեցել այդպիսի գործողություններ կատարելու»:

Ընդդիմությունը որեւէ հույս չի կապում տեղական ատյանների հետ, բայց պարտավոր են այդ ատյանները սպառել` Եվրադատարան դիմելու համար:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Դատարանն ասելիք չուներ:
Իրենք փայլում գիտեն, թե ինչ խախտումներ են արել դատավարությունների ընթացքում, նախաքննության ընթացքում, եւ որ ամեն ինչը ծառայեցրել են կեղծված ընտրությունների վերակեղծմանը եւ վերահաստատմանը»:

Ազգային ժողովի փոխնախագահ, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին հանձնաժողովը գլխավորած Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրեն իրավունք չվերապահեց մեկնաբանել ընդդիմադիրների հայցը վարույթ չվերցնելու ՝ Վարչական դատարանի քայլը, համոզմունք հայտնելով, որ «դատարանն անկախ է իր որոշումներում»:

100-ից ավելի քաղաքացիների հայցը վարույթ չընդունելու` Վարչական դատարանի որոշումը մինչեւ չորեքշաբթի ընդդիմությունը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում: